Թուրքիա

Թուրքիայում ցույցեր են տեղի ունեցել ոստիկանության կողմից ընդդիմության ղեկավարին գրասենյակից հեռացնելուց հետո

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում ցույցեր են տեղի ունեցել ոստիկանության կողմից ընդդիմության ղեկավարին գրասենյակից հեռացնելուց հետո

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հեռացված ղեկավար Օզգյուր Օզելի կողմնակիցները մայիսի 24-ին երթով շարժվել են դեպի խորհրդարան այն բանից հետո, երբ ոստիկանությունը մտել է Անկարայում կուսակցության գլխամասային գրասենյակ և այնտեղից հանել Օզելին և կուսակցության այլ անդամների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Օզելին և նրա աջակիցներին թույլ չեն տվել մտնել խորհրդարան: Օզելը կողմնակիցների առջև ելույթում հայտարարել է, որ ընդդիմությանը հանել են գրասենյակից, սակայն իրենք այժմ կպայքարեն փողոցներում:

Ավելի վաղ ոստիկանությունը ներխուժել էր Անկարայում կուսակցության գլխամասային գրասենյակ՝ օգտագործելով արցունքաբեր գազ, կոտրելով ապակե դուռը և քանդելով ժամանակավոր արգելապատնեշը:

Մայիսի 21-ին Անկարայի վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության 38-րդ համագումարի արդյունքը, ըստ որի կուսակցության ղեկավար էր ընտրվել Օզգյուր Օզելը: Դատարանը որոշել է ժամանակավորապես հեռացնել կուսակցության գործող ղեկավարությանը՝ Օզելի գլխավորությամբ, և կառավարումը հանձնել կուսակցության նախկին ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին, որը նախագահական ընտրություններում պարտվել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ժողովրդահանրապետական կուսակցությունը մերժել է դատարանի որոշումը և այն անվանել կառավարության կողմից «հեղաշրջման փորձ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում