Թուրքիա

Անկարայում հանդիպում է կայացել Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների միջև

1 րոպեի ընթերցում

Անկարայում հանդիպում է կայացել Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների միջև

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն Անկարայում հանդիպում է ունեցել իր ուկրաինացի պաշտոնակից Ռուստեմ Ումերովի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Hurriyet պարբերականը։

Գյուլերն Ումերովին դիմավորել է զինվորական արարողությամբ, որից հետո կողմերը հանդիպում են անցկացրել Թուրքիայի պաշտպանության նախարարությունում։

Իսկ օգոստոսի 1-ին Ստամբուլում տեղի էր ունեցել Ուկրաինայի ռազմածովային ուժերի ռազմանավի ջրարկման արարողությունը։ Ումերովը X սոցիալական ցանցում հայտնել է, որ Թուրքիայում կառուցված ուկրաինական «Հետման Իվան Վիհովսկի» կորվետի ջրարկման արարողությանը մասնակցել է Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայայի հետ։ Նա հավելել էր, որ կորվետը զգալի հավելում կլինի Ուկրաինայի նավատորմի համար և կամրապնդի երկրի պաշտպանունակությունը։

Բացի այդ, ըստ Hurriyet-ի, Թուրքիան վավերացրել է Ուկրաինայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2022 թ. փետրվարի 3-ին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնագիրը հաստատել է օգոստոսի 1-ին։ 

Թուրքիայի և Ուկրաինայի միջև առևտրի ծավալը 2023 թվականին կազմել է 7,3 միլիարդ ԱՄՆ դոլար։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում