Փաշինյանը Դիլիջանում ծանոթացել է ճանապարհաշինական և բնակելի համալիրի կառուցման աշխատանքներին
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցելության շրջանակներում ծանոթացել է 2023 թվականին իրականացված և այժմ ընթացքում գտնվող ծրագրերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից հրապարակելով նաև տեսանյութ այցի վերաբերյալ։
«Առաջին կանգառը Դիլիջանում էր: Ծանոթացա դեպի «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ավտոճանապարհի 2․2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: Ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից»,-ասված է վարչապետի գրառման մեջ։
Փաշինյանը պատասխանատուներից հետաքրքրվել է ճանապարհաշինական ընթացիկ աշխատանքների խնդիրներից, դրանց ավարտական ժամկետներից և համապատասխան հանձնարարականներ տվել։
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հետևել է Դիլիջանի Շամախյան ½ հասցեում մասնավոր հատվածի կողմից կառուցվող «Ալլուր» բնակելի համալիրի շինարարական աշխատանքներին։
Վարչապետը նշել է, որ կառուցվում են 6 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքեր, որից մեկը նախկին հացի գործարանի շենքն է։
Ներկա պահին այն վերակառուցվում է որպես բազմաբնակարան համալիր՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներով: