Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Վենեսուելայի ընտրությունների հաղթող է ճանաչել Մադուրոյի մրցակցին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Վենեսուելայի ընտրությունների հաղթող է ճանաչել Մադուրոյի մրցակցին

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի մրցակից, ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալեսին ճանաչում է երկրում անցկացված նախագահական ընտրությունների հաղթող։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Հաշվի առնելով անվիճարկելի ապացույցները՝ Միացյալ Նահանգների, իսկ ամենակարևորը՝ վենեսուելացիների համար պարզ է, որ Էդմունդո Գոնսալես Ուռուտիան ստացել է ամենաշատ ձայները հուլիսի 28-ին Վենեսուելայում կայացած նախագահական ընտրություններում», - գրել է Բլինքենը։

Նա նաև Գոնսալեսին շնորհավորել է հաջող քարոզարշավի կապակցությամբ։

«Այժմ Վենեսուելայում ժամանակն է, որ կողմերը սկսեն քննարկումներ լիազորությունների հարգալից, խաղաղ փոխանցման շուրջ՝ ընտրությունների մասին Վենեսուելայի օրենքներին և վենեսուելացիների ցանկությանը համապատասխան։ Մենք լիովին աջակցում ենք Վենեսուելայում ժողովրդավարական նորմերի վերականգնմանը և պատրաստ ենք դիտարկել դրանց ամրապնդման հնարավորությունները մեր օտարերկրյա գործընկերների հետ», - նշված է հայտարարության մեջ։

Վենեսուելայի ընտրական խորհուրդը հայտարարել է, որ ձայների 51 %-ով նախագահ է ընտրվել Նիկոլաս Մադուրոն, որը երկրի ղեկավարն է 2013 թվականից։ Սակայն ընդդիմությունը նշում է, որ քվեաթերթիկների շուրջ 90 %-ի՝ իր կողմից իրականացված հաշվարկը ցույց է տալիս, որ ընտրություններում հաղթել է Գոնսալեսը։ 

Բրազիլիայի, Մեքսիկայի և Կոլումբիայի նախագահները Վենեսուելային կոչ են արել հրապարակել քվեարկության մանրամասն տվյալները։ 

Վենեսուելայում ընտրություններից հետո բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնց ընթացքում, ըստ Reuters-ի, ավելի քան 1200 ցուցարար է ձերբակալվել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում