ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հուլիսի 24-ին ԱՄՆ կոնգրեսում ունեցած ելույթում խոստացել է հասնել «լիակատար հաղթանակի» պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ։ Նա նաև քննադատել է այն ամերիկացիներին, որոնք դեմ են Գազայում պատերազմին՝ նրանց անվանելով «հիմար»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում ելույթ ունենալիս Նեթանյահուն ընդգծել է ԱՄՆ-ի և Իսրայելի միջև սերտ հարաբերությունները՝ նշելով, որ «Ամերիկան և Իսրայելը պետք է կանգնեն միասին»։
Իր ելույթում Նեթանյահուն չի բացառել ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի կնքումը, սակայն նաև չի հայտնել, որ առաջիկայում նման գործարք հնարավոր է։
«Իսրայելը կկռվի այնքան, մինչև մենք ոչնչացնենք ՀԱՄԱՍ-ի ռազմական կարողությունները և Գազայում նրա իշխանությունը և մեր բոլոր պատանդներին տուն վերադարձնենք։ Դա է լիակատար հաղթանակը։ Եվ մենք դրանից պակաս ոչնչի չենք համաձայնի», - ասել է Նեթանյահուն։
Տասնյակ դեմոկրատ օրենսդիրներ բոյկոտել են Նեթանյահուի ելույթը, իսկ Կոնգրեսի առջև հավաքված հազարավոր ցուցարարները քննադատել են պատերազմը և դրա առաջացրած հումանիտար ճգնաժամը։ Ցուցարարները ներկ են լցրել մարմարե արձանների վրա, ամերիկյան դրոշները փոխարինել են պաղեստինյան դրոշներով։ Իրավապահների և հավաքվածների միջև բախումներ են տեղի ունեցել, ցուցարարների դեմ կիրառվել է արցունքաբեր գազ։
Իր խոսքում Նեթանյահուն ամերիկացի ցուցարարներին մեղադրել է այն բանում, որ նրանք աջակցում են զինյալներին, որոնց հարձակման հետևանքով 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 39 000-ը։
«Այս ցուցարարները, որոնք կանգնած են նրանց կողքին, պետք է ամաչեն իրենցից», - ասել է Իսրայելի վարչապետը։
Նա նաև ցուցարարներին անվանել է Իսրայելի հակառակորդների համար «օգտակար հիմարներ»։
Հուլիսի 25-ին նախատեսված է Նեթանյահուի հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Քամալա Հարիսի հետ, իսկ հուլիսի 26-ին Իսրայելի վարչապետը Ֆլորիդայում կհանդիպի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ։