Վրաստան

Վրաստանն ԱՄՆ-ին հարաբերությունների վերագործարկում է առաջարկել

2 րոպեի ընթերցում

Վրաստանն ԱՄՆ-ին հարաբերությունների վերագործարկում է առաջարկել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխանություններն ԱՄՆ-ին առաջարկում են վերագործարկել հարաբերությունները և Վաշինգտոնից հանդիպական քայլերի հույս ունեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն մամուլի ասուլիսում։

«Մենք ցանկանում ենք մեր ամերիկացի գործընկերներին առաջարկել այլ օրակարգ, ինչը նշանակում է «վերագործարկում»: Ձեզ հայտնի է, թե որքան բան է փչացել այդ հարաբերություններում անցած երեք-չորս տարիների ընթացքում: Այդ ֆոնին վրաց-ամերիկյան հարաբերությունները վերագործարկման կարիք ունեն», - Կոբախիձեի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է, որ երկրի իշխանություններն ակնկալում են, որ ԱՄՆ-ի կողմից կընդունվեն պրագմատիկ որոշումներ այդ ուղղությամբ։

Կոբախիձեի խոսքով՝ հարաբերությունների վերագործարկման համար առաջին հերթին անհրաժեշտ է արդարացի մոտեցում։ Վրաստանի կողմից դրա համար կարվեն առավելագույն անհրաժեշտ քայլերը։ Գլխավորն այն է, որ այդ քայլերն անեն նաև ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունն անցյալ շաբաթ հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Վրաստանի զինված ուժերի «Արժանի գործընկեր» (Noble Partner) համատեղ զորավարժությունները, որոնք ծրագրված էին 2024 թ. ամռանը, հետաձգվել են անորոշ ժամկետով՝ ռազմավարական հարաբերությունների վերանայման պատճառով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում