Եվրոպա

ԵՄ-ն տեղափոխել է Բուդապեշտում կայանալիք գագաթնաժողովը Օրբանի՝ Մոսկվա և Պեկին այցերի պատճառով

3 րոպեի ընթերցում

Hungary's Prime Minister Viktor Orban and Russia's President Vladimir Putin arrive for a press conference following their meeting in Moscow, Russia July 5, 2024. REUTERS/Evgenia Novozhenina
Hungary's Prime Minister Viktor Orban and Russia's President Vladimir Putin arrive for a press conference following their meeting in Moscow, Russia July 5, 2024. REUTERS/Evgenia Novozhenina

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիությունը Հունգարիային զրկել է ԵՄ արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովը հյուրընկալողի դերից և Բուդապեշտի փոխարեն նիստը տեղափոխել է Բրյուսել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Նման քայլի պատճառ են դարձել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այցերը Ռուսաստան և Չինաստան, որտեղ նա, առանց ԵՄ-ի արտոնման, քննարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցը։

«Մենք պետք է ազդանշան ուղարկենք, նույնիսկ եթե դա խորհրդանշանական ազդանշան է», - հայտնել է Բորելը լրագրողներին հուլիսի 23-ին ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո։ 

Բորելը հրաժարվել է օգտագործել «բոյկոտել» բառը՝ նշելով, որ Հունգարիան ներկա է գտնվելու օգոստոսին կայանալիք գագաթնաժողովին՝ «լինի դա Բուդապեշտում, Բրյուսելում թե այլ վայրում»։ 

Հուլիսի 1-ից Հունգարիան վեց ամսով ռոտացիոն կարգով ստանձնել է Եվրոպական խորհրդում նախագահությունը, որից հետո Օրբանը մեկնել է Կիև, Մոսկվա և Պեկին՝ իր այցերն անվանելով «խաղաղության առաքելություն»։ ԵՄ-ում խստորեն քննադատել են Օրբանի այդ այցերը՝ շեշտելով, որ նա գործում է ոչ թե Եվրամիության, այլ իր անունից։

ԵՄ բազմաթիվ երկրներ համարում են, որ Հունգարիան չափազանց մտերիմ է Ռուսաստանի հետ, ինչը խաթարում է ԵՄ-ի ջանքերը՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո մեկուսացնելու Ռուսաստանը քաղաքական և դիվանագիտական առումով։

Հուլիսի 5-ին Օրբանն այցելել էր Մոսկվա, որտեղ հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները և խաղաղ բանակցությունների մեկնարկը։ Ռուսաստան այցից առաջ Օրբանը հուլիսի 2-ին Կիևում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը քննարկել էր այդ երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Ավելի ուշ վարչապետն այցելել էր Պեկին, որտեղ հանդիպել էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Իսկ Պեկինից Օրբանը մեկնել էր ԱՄՆ, որտեղ հանդիպել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում