Սպորտ

Լողի անվճար դասեր՝ մարզերում. շուտով կհայտարարվի մրցույթ

4 րոպեի ընթերցում

Լողի անվճար դասեր՝ մարզերում. շուտով կհայտարարվի մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարզերում սեպտեմբերից դպրոցականների համար լողի անվճար դասերի հնարավորություն կլինի։ Կառավարությունն իրականացնելու է դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիր, որի շրջանակում ֆինանսավորվելու են մարզային լողավազանները, իսկ երեխաները կկարողանան լողի անվճար պարապմունքների հաճախել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության բաժնի պետ Արթուր Սեդրակյանը նշեց, որ ծրագրին կարող են մասնակցել երկու տարիքային խմբի երեխաներ։

«Կարող են մասնակցել 8-12 և 13-17 տարեկան երեխաները։ Առաջին խմբում երեխաների առավելագույն քանակը կլինի 12, իսկ 2-րդ խմբում՝ 10-ը։ Շահառուները լինելու են մարզերի լողավազանների հարակից դպրոցներում սովորող  երեխաները»,-ասաց Արթուր Սեդրակյանը։  

Նախարարությունը շուտով հայտարարելու է մրցույթ, որով էլ ընտրվելու են լողավազանները։ Քանի որ սա փորձնական ծրագիր է, լողավազանները կընտրվեն մի քանի քաղաքներից՝ Կապանից, Էջմիածնից, Վանաձորից, Մեծամորից, Հրազդանից, Իջևանից և Ապարանից։ Նախարարության ներկայացուցիչը վստահեցրեց, որ ծրագիրն ընդլայնելու նպատակ է դրված։ 

«Հիմա ծրագիրն իրականացնում ենք մասնավոր լողավազաններին ներգրավելով, սակայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2024-2030 թվականի ռազմավարությամբ հանրապետությունում նախատեսված է նաև լողավազանների կառուցում։ Դա նշանակում է, որ կունենանք ավելի շատ լողավազաններ, որպեսզի մեր երեխաներն ավելի շատ ներգրավված լինեն»,-ասաց Արթուր Սեդրակյանը։   

Ոլորտի մասնագետները կարևորում են նման ծրագրի իրականացնումը։  Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մանկապատանեկան մարզադպրոցի ավագ մարզիչ Էդուարդ Ազիզյանն ընդգծեց, որ այն լավ հնարավորություն է երեխաներին սպորտին մոտեցնելու, հավաքականի ներուժը թարմացնելու տեսանկյունից։ 

«Ֆեդերացիան մարզիչներին ու մարզիկներին տալիս է վերապատրաստվելու  հնարավորություն։ Նրանք, որոնք արդեն վերապատրաստում անցած են, ևս ներգրավվում են աշխատանքներում։ Սովորեցնում ենք բոլոր ցանկացողներին, աշխատում ենք միասին։ Այնպես որ, մարզերի մարզիչների հմտությունների զարգացման առումով ֆեդերացիան ու մեր մարզադպրոցը պատրաստ են իրենց ներդրումն ունենալ»,-ասաց Էդուարդ Ազիզյանը։

Լողավազանների ընտրության փուլի ավարտից հետո գործարկվելու է հարթակ, որի միջոցով էլ կատարվելու է երեխաների ընդունելությունը։ Ցանկացողները պետք է այդ հարթակի միջոցով առցանց գրանցվեն։ Շահառուների ընտրությունը կիրականացվի ըստ դիմելու հերթականության: Այն երեխաներից, որոնք չեն հասցնի ներառվել խմբում, կձևավորվի սպասման խումբ։  Պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պարապմունքը 1 ժամ տևողությամբ: Ծրագիրը կիրականացվի ուսումնական տարվա ընթացքում: Նախարարությունն ուշադրության կենտրոնում պահելու է ոչ միայն  երեխաների հաճախելիության տվյալները, այլև մարզիչների աշխատանքը։ Խմբերի հետ աշխատող մարզիչ-մանկավարժների կողմից ուսումնամարզական գործընթացը թերի կազմակերպելու դեպքում նրանց կփոխարինեն տվյալ կազմակերպության այլ մարզիչ-մանկավարժները: Նախնական տվյալներով՝ ծրագրի այս փորձնական փուլի շահառուների թիվը կլինի 200-ից ավելի։ 

Հեղինակ՝ Աննա Գզիրյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում