Կրթություն

ԱՄՆ-ի տարբեր նահանգներից Հայաստանում վերապատրաստվող ուսուցիչներն իրենց երկրում կդասավանդեն Հայոց ցեղասպանության պատմությունը

13 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի տարբեր նահանգներից Հայաստանում վերապատրաստվող ուսուցիչներն իրենց երկրում կդասավանդեն Հայոց ցեղասպանության պատմությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն երրորդ տարին անընդմեջ ամերիկացի 15 ուսուցիչ մասնակցում է ամերիկյան «Genocide Education Project» կազմակերպության ծրագրին, որն իրականացվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ։ Տասնօրյա տևողությամբ ծրագրի շրջանակներում կազմակերպվում է ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր, որի նպատակն է իրական փաստերի և արխիվային փաստաթղթերի ուսումնասիրմամբ կազմակերպված դասընթացների միջոցով հենց ամերիկացի ուսուցիչներին ներկայացնել Հայոց ցեղասպանության պատմությունը: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում «The Genocide Education Project» կազմակերպության գործադիր տնօրեն, ամերիկահայ Ռոքսան Մաքասջյանը մանրամասնեց, որ կառույցը ստեղծվել է մոտ 25 տարի առաջ։ 

Ռոքսան Մաքասջյան

«Ես Սան Ֆրանցիսկոյից եմ: Տարիներ առաջ մենք մի խումբ մարդկանցով ցանկացանք իմանալ, թե ինչպե՞ս են ամերիկյան դպրոցներում դասավանդվում Հայաստանի և հատկապես Հայոց ցեղասպանության պատմությունը։ Խոսքը ոչ թե հայկական դպրոցների, այլ հենց ամերիկյան դպրոցների մասին է։ 

Տարիներ առաջ Կալիֆորնիա նահանգում օրենք ընդունվեց, որի համաձայն՝ Հայոց ցեղասպանության մասին պետք է պատրաստվեին նյութեր և դասավանդվեին ամերիկյան դպրոցներում, սակայն, երբ որոշ ժամանակ անց մենք ցանկացանք հասկանալ, թե դասավանդվո՞ւմ է արդյոք նման բան դպրոցներում, տեսանք, որ, ցավոք սրտի, այդ ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվում»,-նշեց Մաքասջյանը՝ հավելելով, որ դրա պատճառներից մեկը եղել է այն, որ այդ նպատակի համար դրամական միջոցներ չեն տրամադրվել, և Հայոց ցեղասպանության վերաբերյալ չեն պատրաստվել նյութեր, չեն պատրաստվել նաև դասավանդող ուսուցիչներ։ 

Նրա խոսքով՝ հենց այս հանգամանքից ելնելով էլ իրենց մոտ ծնվել է մի գաղափար, ըստ որի՝ անհրաժեշտ է եղել ստեղծել մի կազմակերպություն, որը կօգնի դպրոցներին և ուսուցիչներին ունենալ թեմայի շուրջ համապատասխան նյութեր և պատրաստված կադրեր, ովքեր պատշաճ կերպով կներկայացնեն ու կդասավանդեն Հայոց ցեղասպանության պատմությունը: 

«ԱՄՆ-ում, ընդհանրապես, արդեն 15-16 տարեկան երեխաներն ավագ դպրոցներում ուսումնասիրում են Համաշխարհային պատմություն առարկան, սակայն Հայոց ցեղասպանության ժամանակահատվածն ու իրականությունը դրա մասին մնում են ոչ պատշաճ ուսումնասիրված: Հետևաբար, որոշեցինք, որ հենց մենք պետք է նման դասընթացներ պատրաստենք: Այդ հարցով դիմեցինք Սան Ֆրանցիսկոյի դպրոցների ընդհանուր տնօրինությանը՝ առաջարկելով մեր ծառայությունը, որպեսզի իրականացնենք նման դասընթացներ հենց ուսուցիչների հետ: Արդեն 2004-2005 թվականներին մենք իրականացրեցինք ուսուցիչների հետ առաջին դասընթացները: Շուրջ մեկ տարի շատ ինտենսիվ աշխատանք կատարեցինք Սան Ֆրանցիսկոյի դպրոցների ուսուցիչների հետ՝ ստեղծելու համար Հայոց Ցեղասպանության դասավանդման առավել հարմար տարբերակ: Իրականացված աշխատանքը շատ մեծ արդյունավետություն ունեցավ, և նույնիսկ մասնակից ուսուցիչները զարմանք արտահայտեցին՝ ասելով, որ իրենք մշտապես ցանկացել են անդրադառնալ այդ թեմային, սակայն չեն իմացել, թե որտեղից կարելի է սկսել»,-պատմեց կազմակերպության գործադիր տնօրենը և հավելեց, որ դրա պատճառն այն է, որ Հայոց ցեղասպանության պատմության վերաբերյալ մշտապես գոյություն է ունեցել շատ լուրջ հակաքարոզչություն, և ամերիկացի ուսուցիչները հաճախ չեն կարողանում կողմնորոշվել, թե որտեղից կարող են գտնել հավաստի և ճշմարիտ տեղեկատվություն պատմության վերաբերյալ:

Մաքասջյանը զրույցի ընթացքում նշեց. «Հասկանալով, որ այդ համակարգը կարող է արդյունավետություն ունենալ՝ որոշեցինք դա շարունակական դարձնել: Տարիներ շարունակ մենք այս աշխատանքը իրականացրել ենք սկզբում Սան Ֆրանցիսկոյում, այնուհետև էլ արդեն սկսեցինք տարածել այն ԱՄՆ-ի մյուս նահանգներում: Սակայն հասկացանք, թե ինչ մեծ նշանակություն կունենա այս ծրագիրը, եթե ամերիկացի ուսուցիչները հենց տեղում՝ Հայաստանում ստանան համապատասխան գիտելիքներ: 

Նրա խոսքով՝ սա արդեն երրորդ տարին է, ինչ ծրագիրն իրականացվում է Հայաստանում՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և վերջինիս աջակցությամբ, որը ի սկզբանե մեծ շահագրգռվածություն է ցուցաբերել ծրագրի անցկացման նկատմամբ:

Անդրադառնալով ծրագրի մասնակից ուսուցիչների ընտրության առանձնահատկություններին՝ տիկին Մաքասջյանը նշեց, որ դա բավականին բարդ գործընթաց է:

Նա մանրամասնեց, որ մասնակիցները պետք է փաստեն, որ իրենք տարիների ուսուցչական փորձ ունեն, գոնե փոքր-ինչ տեղեկացված են նյութի մասին և որոշ ժամանակ արդեն իսկ դասավանդել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ, քանի որ ծրագիրը չի կարող մասնակից դարձնել մի ուսուցչի, ով բացարձակ ոչ մի գիտելիք չունի թեմայի վերաբերյալ: Բացի այդ, նրանք պետք է հստակ ցույց տան, որ իսկապես հետաքրքրված են Հայոց ցեղասպանության ուսումնասիրմամբ և ցանկանում են խորացնել իմացությունն այդ թեմայի շուրջ: 

«Ամենակարևորն այն է, որ մասնակիցները ծրագրի ավարտից հետո կարողանան դասապլան կազմել ստացած գիտելիքների հիման վրա և այն ներկայացնել ոչ միայն իրենց աշակերտներին, այլև գործընկեր ուսուցիչներին, քանի որ դա ծրագրի պահանջներից մեկն է. 10-օրյա ծրագրի ավարտից հետո նրանցից յուրաքանչյուրը պետք է իր հերթին այս նյութը դասավանդի 20 այլ ուսուցիչի: Սրանով մենք նպատակ ունենք շատ ավելի մեծ տարածում հաղորդել Հայոց ցեղասպանության մասին իրականությանը»,-ասաց նա՝ տեղեկացնելով, որ հիմա ծրագիրն ունի արդեն 45 մասնակից, ովքեր 3 տարվա ընթացքում անցել են այս ծրագիրը և տարածված են ԱՄՆ-ի 29 նահանգներում: Նա հավելեց, որ սա նշանակում է՝ նրանք այդքան շատ նահանգներում արդեն հարյուրավոր և հազարավոր ուսուցիչների և աշակերտների մոտ տարածել են ծրագրի նյութերը: 

Մաքասջյանի գնահատմամբ՝ այս աշխատանքն իր համար ունի արդեն ռազմավարական նշանակություն, քանի որ ծրագրի միջոցով դասընթացները հասնում են ահռելի թվով ուսուցիչների և դասավանդողների: 

Եզրափակելով միտքը՝ Ռոքսան Մաքասջյանը նշեց, որ ծրագրի ավարտից հետո ևս շարունակվում է հետևողական աշխատանք կատարվել ծրագրի մասնակիցների նկատմամբ՝ վերջիններիս հետ լինելով անդադար կապի մեջ: 

Նա նաև հավելեց, որ դրամահավաքների միջոցով հնարավոր կլինի պահպանել ծրագրի ամենամյա շարունակականությունը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն իր հերթին ասաց, որ թանգարանը շատ է կարևորում այս ծրագիրը, քանի որ դրա միջոցով հնարավորություն է ստեղծվում Ցեղասպանության հարցը Միացյալ Նահանգներում քաղաքական հարցից բերել կրթական դաշտ։ Նրա կարծիքով՝ սա նշանակում է, որ ավելի մեծ հիմքեր են առաջանում, որպեսզի ԱՄՆ-ի բնակչության մոտ Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը և պատմությունն ավելի խորն ու հիմնավոր լինեն, ուստի այդ առումով սա խիստ կարևոր է նաև քաղաքական դաշտում հարցն առաջ տանելու համար։

«Այդ իսկ պատճառով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հենց սկզբից ծրագրի նկատմամբ մեծ շահագրգռվածություն ցուցաբերեց։ Սա այն վայրն էր, որտեղ այդ դասընթացը պետք է անցկացվեր և որտեղ ուսուցիչներն ավելի լավ կհասկանային Հայոց ցեղասպանությունը՝ այցելելով հուշահամալիր, ժամանակ անցկացնելով թանգարանում, ինչպես նաև ծանոթանալով թանգարանում առկա նյութերի հետ, ինչը նրանց կրթական ծրագրերի համար շատ կարևոր է»,-ասաց թանգարանի տնօրենը՝ հավելելով, որ բացի դրանից, թանգարանի գիտաշխատողները ևս ներգրավված են այս ծրագրի մեջ:

Նա տեղեկացրեց, որ ծրագրի օտարազգի մասնակիցների համար առանձին դասախոսություններ են կազմակերպելու. «Օրինակ՝ Ցեղասպանության հուշահամալիրի մասին մեր նախկին տնօրեն պարոն Մարությանը դասախոսություն է կարդացել նրանց համար։ Տվյալ պարագայում ծրագրին մասնակցող ուսուցիչների նպատակը ոչ թե արխիվային նյութերի ուսումնասիրությունն է, այլ հասկանալն է, թե ի՞նչ արխիվային նյութեր կան, որոնք իրենց դասերի ժամանակ կարելի է օգտագործել»,-մանրամասնեց Գզոյանը։ 

Էդիտա Գզոյանը հույս հայտնեց, որ ծրագիրը կլինի շարունակական, քանի որ այն շատ մեծ արդյունավետություն ունի, որովհետև ծրագրին մասնակցող յուրաքանչյուր ուսուցիչ պարտավորված է լինում ԱՄՆ վերադառնալուց հետո իր ստացած գիտելիքներով և փորձառությամբ կիսվել 20 այլ ուսուցչի հետ, վերջիններս էլ՝ այլ ուսուցիչների հետ։

«Ծրագիրը կարևոր է այն առումով, որ այս տարբերակով մենք կարողանում ենք լայն տարածում հաղորդել Հայոց ցեղասպանության պատմությանը։ Այս գործում, բնականաբար, խիստ կարևոր է հենց անհատ ուսուցիչների դերակատարությունը», - նկատեց Գզոյանը՝ կարևորելով այն հանգամանքը, որ նմանատիպ ծրագրերը հնարավոր լինի իրականացնել ոչ միայն ԱՄՆ-ում, այլև այլ երկրներում՝ տարածելու համար իրականությունը Հայոց ցեղասպանության մասին։

Ծրագրի մասնակիցներից մեկը՝ Հեյդի Օմլերը, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ ներկայացնում է Մեն նահանգը և հանդիսանում է ավագ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ. «Ես դասավանդում եմ արդեն 25 տարի։ Շատ ոգևորված եմ այս ծրագրի մաս լինելու համար: Ես նախկինում դասավանդել եմ Հայոց ցեղասպանության մասին, դասավանդում եմ նաև Հոլոքոստի մասին: Բայց ես այնքան ավելին եմ սովորել, որ պատրաստվում եմ ավելացնել այն դասերը, որոնք արդեն անում եմ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է հայերին Ցեղասպանությունից փրկողներին, մարդկանց, ովքեր փորձել են օգնել հայերին: Եվ հետո նաև մի փոքր ավելին Հայոց ցեղասպանության ժխտման մասին, որը, կարծում եմ՝ կարևոր է նաև այն ավելի խորը լուսաբանելու համար: Անհամբեր սպասում եմ ԱՄՆ տեղեկություն տանելու այն մասին, թե ինչ է հիմա կատարվում Հայաստանի տարածքի հետ: Կարծում եմ, որ շատ ուսանողներ դա կտեսնեն որպես կապ ներկայի և անցյալի միջև, այլ ոչ թե պարզապես ավելի քան 100 տարի առաջվա պատմական իրադարձություն»:

Նա հաղորդեց, որ Միացյալ Նահանգներում դասավանդելու ընթացքում հնարավորություն կունենա կիսել ստացած գիտելիքներն իր գործընկերների հետ՝ ոչ միայն հասարակագիտության ուսուցիչների, այլ նաև անգլերենի ուսուցիչների հետ:

«Դասընթացները և դասավանդողները գերազանց են։ Նրանք շատ բանիմաց են: Նրանք շատ, շատ բաց են մեր հարցերին պատասխանելու համար: Եվ մեզանից շատերը հարցեր ունեն: Մենք բոլորս ուսուցիչներ ենք։ Մենք մոտավորապես նույն բաներն ենք սովորեցնում: Մենք շատ զբաղված ենք գրառումներ անելով և միմյանց հետ մեր հարցերով կիսվելով: Եվ պարզապես թարմացնող է լինել մի խումբ մարդկանց հետ, ովքեր ուսումնասիրում են նույն բաները և ովքեր ցանկանում են վերցնել այս գիտելիքներն ու դրանով ինչ-որ դրական բան անել»,- ասաց ծրագրի մասնակիցը:

«Genocide Education Project» կազմակերպության ծրագրի մասնակիցներից Քրիս Դիերն էլ իր հերթին կարծիք հայտնեց, որ անցկացվող դասընթացներն անհավանական հետաքրքիր փորձառություն են տալիս մասնակիցներին՝ ծանոթացնելով Հայաստանի պատմությանը տարբեր կողմերից:

«Մինչ այժմ մենք այցելել ենք բազմաթիվ պատմական վայրեր, տարբեր վանքեր և եկեղեցիներ։ Մենք տեսել ենք, թե ինչպես է Հայաստանը հիշում իր պատմությունը:

Ես պատմության ուսուցիչ եմ: Ավագ դպրոցում պատմություն եմ դասավանդում: Ես նաև դասավանդում եմ քոլեջում: Այն, ինչ ես ուզում եմ անել, դա Հայաստանի պատմությունը իմ ուսանողներին վերադարձնելն է»,-ասաց Քրիս Դիերը՝ շեշտելով, որ Հայաստանի պատմությունից ամերիկացիները ևս պետք է դասեր քաղեն:  

Դավիթ Մամյան

Ռուսաստանի փոստը դեպի Հայաստան բեռների առաքման թեստային փորձարկում է իրականացրել

Տնտեսություն

Ռուսաստանի փոստը դեպի Հայաստան բեռների առաքման թեստային փորձարկում է իրականացրել

ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը 2030 թ. օրակարգի իրականացմանը. ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ կայուն զարգացման քաղաքական ֆորումում

Քաղաքականություն

ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը 2030 թ. օրակարգի իրականացմանը. ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ կայուն զարգացման քաղաքական ֆորումում

Հայտնի են  «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro հարթակի հաղթողները

Մշակույթ

Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro հարթակի հաղթողները

Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում

Մշակույթ

Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

Հայկական ազգային հագուստը, ավանդույթներն ու մշակույթը կներկայացվեն վեցերորդ «ՏԱՐԱԶֆեստ»-ին

Մշակույթ

Հայկական ազգային հագուստը, ավանդույթներն ու մշակույթը կներկայացվեն վեցերորդ «ՏԱՐԱԶֆեստ»-ին

Կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

Իրավունք

Կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

Վերականգնվել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամի վնասը

Հայաստան

Վերականգնվել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամի վնասը

ԲՏԱ նախարարը Հայաստանի տնտեսության զարգացման  ծրագրերում կարևորում է մասնավոր ընկերությունների դերը

Տնտեսություն

ԲՏԱ նախարարը Հայաստանի տնտեսության զարգացման ծրագրերում կարևորում է մասնավոր ընկերությունների դերը

Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան

Երևան

Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ  իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Վերլուծություն

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում