Կրթություն

Հայաստանն ու Ռումինիան կշարունակեն համագործակցությունը կրթության ոլորտում

4 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ռումինիան կշարունակեն համագործակցությունը կրթության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռումինիայի կրթության նախարարության միջև ստորագրվել է կրթության ոլորտում համագործակցության շարունակության վերաբերյալ ծրագիր:

Համագործակցության ծրագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ինչպես նախորդ, այնպես էլ նոր ծրագրով նախատեսվում է կրթաթոշակային ծրագրի իրականացում, որի շրջանակում յուրաքանչյուր տարի Ռումինիան բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու նպատակով ՀՀ-ին է հատկացնում 8 կրթաթոշակային տեղ:

Ստորագրվող ծրագրով նախատեսվում է նաև 5 փորձագետների փոխանակում՝ կրթության ոլորտում տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակման, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ նախագծերի նպատակով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Ռումինիայի կառավարությանը՝ մարդկային կապիտալի զարգացման հարցում ցուցաբերած աջակցության համար: 

«Ռումինիայի լավագույն բուհերում ուսանելու՝ հայ երիտասարդներին ընձեռած հնարավորությունը, անկասկած, շատ գնահատելի է և նպաստելու է մարդկային կապիտալի զարգացմանը մեր երկրում: Վստահաբար,  երիտասարդները  կամուրջ կհանդիսանան երկու բարեկամ երկրների միջև՝ ամրացնելով երկկողմ հարաբերությունները»,- նշել է Արթուր Մարտիրոսյանն ու տեղեկացրել՝ Հայաստանի և Ռումինիայի միջև համագործակցության շրջանակում ՀՀ շուրջ 50 քաղաքացիներ արդեն իսկ ուսումնառել կամ շարունակում են ուսումը Ռումինիայի բուհերում:

Նախարարի տեղակալը Հայաստանի և Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցությունը կարևորել է նաև Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում իրականացվող մի շարք ծրագրերի համատեքստում, այդ թվում՝ Էրազմուս+, Հորիզոն Եվրոպա և այլն: 

ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և ընդգծել՝ Հայաստանի և Ռումինիայի միջև կապերն ավանդաբար եղել են շատ ջերմ, որին մշտապես նպաստել է Ռումինիայի հայկական համայնքը: 

Ստորագրվող ծրագրով նաև շարունակական աջակցություն է նախատեսվում Հայաստանի Հանրապետությունում ռումիներենի, գրականության և քաղաքակրթության տեսության ուսումնասիրության և Ռումինիայում հայոց լեզվի, գրականության և հասարակագիտության ուսուցման նպատակով: Դեսպան Կորնել Իոնեսկուն նշել է՝ հոկտեմբերի 12-ը Ռումինիայում հռչակված է որպես Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր, որը ընդգծում է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակն ու հայոց լեզվին և մշակույթին հատկացվող կարևորությունը: 

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև Ֆրանկոֆոնիայի առաջմղմանն ուղղված փոխգործակցությանը և ուսանողների փոխայցելության ծրագրերին։

Հանդիպման ընթացքում անդրադարձել է եղել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի. կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը բոլոր ուղղություններով:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում