Վարդավառը համախմբման և մաքրագործման երիտասարդական տոն է. Գառնին կրկին միավորել էր տոնի սիրահարներին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդավառը կամ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է, հայկական մշակույթի կարևոր բաղադրիչներից, որը յուրաքանչյուր տարի մեծ շուքով նշվում է Գառնիում և Գեղարդում: Նախաքրիստոնեական շրջանից Վարդավառը հայտնի է որպես վարդամատն Աստղիկ դիցուհու տոն: 

Երիտասարդական ակումբների դաշնությունն ավանդաբար կազմակերպում է Վարդավառ փառատոնը՝ համախմբելով ու խրախուսելով երիտասարդներին՝ տարածել ու պահպանել հայ ազգային, ավանդական ու հոգևոր արժեքները: Ըստ եկեղեցական տոնացույցի՝ տոնը նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: 2024 թվականին Վարդավառը նշվեց հուլիսի 7-ին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, Վարդավառ փառատոնի ղեկավար Ատոմ Մխիթարյանը նշել է, որ տոնի հիմքում Թաբոր լեռան վրա Քրիստոսի պայծառակերպ երևումն է.

«Ըստ քրիստոնեական հավատալիքների՝ մաքրագործված-աստվածացած մարդու իրական կերպն է, իսկ Քրիստոսի պայծառափայլ կերպարն անմեղ մարդու աստվածանման մաքրության այն գագաթն է, որն անցնում է մարդը հոգևոր սրբագործման առօրյա դժվարին ճանապարհով:

Այսօր առավել, քան երբևէ կարևորվում է Վարդավառի տոնակատարությունները արժևորելը, որովհետև համախմբման և մաքրագործման ուղով պետք է անցնենք, երիտասարդներին ազգային, ավանդական ծիսակարգերին և մշակութային ինքնատիպ ժառանգությանը ծանոթացնենք, որպեսզի ինքնությունն ու հայկական արմատները ծլարձակեն»,- նկատել է նա: 

Փառատոնի հիմնական գործընկերը ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմն է, որի ջանքերի շնորհիվ տոնակատարությանը միանում են Կոտայքի մարզի առաջատար ստեղծագործական և մշակութային խմբերն ու հաստատությունները:  

Աշխատակազմի մշակույթի և սպորտի բաժնի պետ, Վարդավառ փառատոնի մշակութային պատասխանատու Մարի Հովակիմյանը կարևորում է ավանդական դարձած Վարդավառի տոնակատարությունը. 

«Մեր մարզում երկու կարևոր մշակութային գանձարան կա. դրանք մեր պատմության արժևորման և ավանդույթների պահպանման հիմքում են: Երիտասարդական ակումբների դաշնությունը բոլորիս վարակել է վարդավառյան տրամադրությամբ՝ հետևողականորեն իրագործելով տարիներ առաջ մտահղացած Վարդավառ փառատոնի գաղափարը»: 

Գառնիի հեթանոսական տաճարում մասնակիցներն ականատես եղան Նոյ նահապետի, Աստղիկ դիցուհու և Վահագնի բեմականացված կերպարներին: 

Միջոցառման շրջանակում Նոր Հաճընի մշակույթի տան «Հաճըն» երգչախումբը ներկայացրել է կոմիտասյան շարան, Գառնիի արվեստի, մշակույթի և սպորտի կենտրոնի պարային համույթը՝ «Վարդավառ» պարը: 

Բյուրեղավանի «Ծիլք» ազգագրական համույթը ներկայացել է «Ծաղկաձոր» կատարմամբ և «Անձրևաբեր Նուրիի ծես, խնդումի ծես»-ով: 

Չարենցավանի քաղաքային գրադարանի «Շողեր» թատերախումբը բեմականացրել է «Տատիկից փախած ճամփորդները»՝ ըստ Հովհաննես Թումանյանի «Ճամփորդները» հեքիաթի: 

Տոնակատարությունը նշանավորվել է նաև ազգային պարերի ուսուցմամբ և ջուր ցողելու արարողությամբ: Գեղարդավանքում էլ երիտասարդության օրհնության կարգ է կատարվել։ 

Վարդավառ փառատոնն այս տարի բոլորին համախմբել էր ազգային, մշակութային երիտասարդական նախաձեռնության շուրջ, իսկ բազմաթիվ օտարերկրացիներ մասնակից են դարձել Գեղարդում և Գառնիում կազմակերպված տոնախմբություններին:  

Ըստ փառատոնի համակարգող, Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի՝ փառատոնի կարևոր առաքելությունը հայկական մշակույթի հանրահռչակումն է, երկրորդ՝ երիտասարդության շրջանում ազգային-հոգևոր արժեքների պահպանումն ու տարածումը, երրորդ՝ Հայաստանի զբոսաշրջային գրավչության մեծացումն ու Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը»: 

Փառատոնին աջակցում են Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնը (WostAYN), Հայկական Փի Ար ասոցիացիան և Գառնու համայնքապետարանը։ 

Հայերեն

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները

Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել Պարսից ծոցի երկրների հետ

Մասնագիտական աջակցություն՝ 2600 աշակերտի. մեկնարկել է «ArtԱրվեստ» ծրագիրը

Վահագն Խաչատուրյանն ու Մեսրոպ Մեսրոպյանը քննարկել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/06/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/06/26

«Միլլկաթ» և «Դիլի» ընկերություններն արտադրում են մի շարք վտանգավոր սննդամթերքներ․ կատարվել է փորձաքննություն

Ադրբեջանի նախագահն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի նախագահին

Կատարի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկելու վերաբերյալ հարցեր

Էրդողանն Իսրայելի ղեկավարությանը մեղադրել է Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու ջանքերը տապալելու փորձերի մեջ