Հայաստան

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

2 րոպեի ընթերցում

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցության այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ-ի միջուկային բժշկության ազգային կենտրոն: Վարչապետը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին: Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Կենտրոնը 2025թ-ին վերազինվել և ընդլայնել է իր գործունեության շրջանակը։ Պետական բյուջեի միջոցների հաշվին ներդրումը կազմել է ավելի քան 1 մլրդ 444 մլն դրամ: Կենտրոնի մասնակի վերանորոգման շինարարական աշխատանքների համար հատկացվել է ավելի քան 36 մլն դրամ, ձեռք են բերվել  ավելի քան 1 մլրդ 407 մլն դրամի սարքավորումներ: Պետական բյուջեի հաշվին կատարված ներդրումների շնորհիվ կենտրոնը համալրվել է նորագույն, թվային ՊԷՏ/ՀՏ համակարգով, բարձր դասի սոնոգրաֆիկ ու մամոգրաֆիկ սարքավորումներով, կոլոնոսկոպիկ ու կոլպոսկոպիկ համակարգերով, ինչպես նաև անխափան սնուցման սարքավորումներով։

Միջուկային բժշկության ազգային կենտրոնը եզակի մասնագիտացված կենտրոն է, որը համալրված է բելգիական IBA ընկերության արտադրության ցիկլոտրոնով։ Կենտրոնի զարգացման շրջանակում արդեն իսկ իրականացված մրցութային գործընթացների արդյունքում ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ՝ թեռանոստիկ բժշկության զարգացման նպատակով։

Ըստ պատասխանատուների, ենթակառուցվածքային և տեխնոլոգիական ստեղծված հնարավորությունները կարևոր նախադրյալներ են միջուկային բժշկության ախտորոշիչ և բուժական ուղղությունների հետագա զարգացման, նոր ռադիոֆարմպրեպարատների կիրառման, թեռանոստիկ մոտեցումների ներդրման, ինչպես նաև համապատասխան մասնագիտական ներուժի ձևավորման համար։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում