Անմեղ խաղից մինչև կիբեռբուլինգ․ ինչպես պաշտպանել երեխաներին առցանց վտանգներից
2 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳՆ Կիբերոստիկանությունից զգուշացնում են, որ ժամանակակից առցանց (օնլայն) խաղերը միայն ժամանցի վայր չեն։ Դրանք հաճախ վերածվում են հաղորդակցման հարթակների, որտեղ երեխաները կարող են հանդիպել անծանոթների և ենթարկվել կիբեռբուլինգի (առցանց հետապնդման և ծաղրի) կամ հոգեբանական ճնշումների։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՆԳՆ Կիբերոստիկանությունից նշում են, որ անմեղ թվացող խաղերում թաքնված են բազմաթիվ ռիսկեր, օրինակ՝ անձնական տվյալների արտահոսք. Երեխաները հավատում են առցանց «ընկերներին» և փոխանցում լուսանկարներ, հեռախոսահամարներ կամ այլ զգայուն տեղեկություններ։

Լուսանկարներն ու տվյալները հաճախ տարածվում են այլ սոցիալական ցանցերում (օրինակ՝ Telegram-ի փակ կամ բաց խմբերում)՝ երեխային ծաղրի ենթարկելու նպատակով, իսկ երկարատև ճնշումը կարող է հասցնել երեխային ուժեղ սթրեսի, ագրեսիայի կամ ինքնավնասման մտքերի։
Հաշվի առնելով վերոնշյալը, գերատեսչությունից հորդորում են ծնողներին խոսել երեխայի հետ, բացատրել, որ առցանց «խաղընկերը» իրական ընկեր չէ։ Երբեք չի կարելի անծանոթներին ուղարկել անձնական լուսանկարներ կամ տվյալներ։
Վերահսկել անվտանգությունը, ստուգել խաղերի և մեսենջերների գաղտնիության կարգավորումները (Privacy Settings), սահմանափակել անծանոթների կողմից նամակներ ուղարկելու հնարավորությունը։ Վստահեցնել երեխային, որ ցանկացած սպառնալիքի կամ ծաղրի դեպքում նա կարող է դիմել իրեն և չի պատժվի։
Երևույթին տալ ճիշտ արձագանք, ծաղրի կամ սպառնալիքի հանդիպելիս՝ պահպանել ողջ նամակագրությունը, արգելափակել նամակ ուղարկողին և չմտնել փոխադարձ սպառնալիքներ պարունակող նամակագրության մեջ։
Կիբերոստիկանությունից նշում են, եթե ձեր երեխան ենթարկվել է առցանց հարձակման կամ կիբեռբուլինգի, անհապաղ դիմեք իրավապահ մարմիններին։