Եվրոպա

Եվրահանձնաժողովն անբավարար է գնահատում եվրոգոտու անդամակցության թեկնածու երկրների կարողությունները

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովն անբավարար է գնահատում եվրոգոտու անդամակցության թեկնածու երկրների կարողությունները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոգոտու անդամակցության թեկնածու երկրներից ոչ մեկ ամբողջությամբ չի համապատասխանում անհրաժեշտ ֆինանսատնտեսական չափանիշներին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի (ԵՀ) համապատասխան հաշվետվության մեջ։

ԵՀ-ն գնահատել է վեց երկրների՝ մաաստրիխտյան չափանիշներին համապատասխանությունը, որոնք անհրաժեշտ են եվրոգոտուն անդամակցելու համար։ Դրանց թվում են Բուլղարիան, Հունգարիան, Լեհաստանը, Ռումինիան, Չեխիան և Շվեդիան: Չափանիշների մեջ մտնում են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են ֆինանսական համակարգի կայունությունը, գների մակարդակը և արժույթի կայուն փոխարժեքը: Նշվում է, որ չնայած որոշակի ցուցանիշների գծով ձեռք բերված առաջընթացին, ներկայում ոչ մի պետություն չի համապատասխանում եվրոգոտուն միանալու բոլոր չափանիշներին։

ԵՀ-ն տնտեսական առաջընթացի վերաբերյալ հաշվետվություններ է հրապարակում երկու տարին մեկ կամ ԵՄ որևէ երկրի հատուկ խնդրանքով՝ գնահատելու համար եվրոգոտուն միանալու նրա պատրաստականությունը: ԵՄ խորհուրդը, ստացված տվյալների հիման վրա, հետագայում որոշում է կայացնում, թե երկիրը կկարողանա արդյոք անցնել միասնական եվրոպական արժույթին։

Խորվաթիան վերջին երկիրն է, որը միացել է եվրոգոտուն (2023 թվականի հունվարի 1-ին):

1992 թվականին ստորագրվել է Եվրամիության մասին Մաաստրիխտի պայմանագիրը, որտեղ ամրագրվել է արժութային միության ստեղծման ընթացակարգը։ Սահմանվել են մաաստրիխտյան չափանիշները՝ եվրոգոտուն անդամակցելու   համար անհրաժեշտ պահանջները։ Ներկայում եվրոգոտում կա 20 պետություն, եվրոն շրջանառության մեջ է նաև 5 երկրում, որոնք պաշտոնապես ԵՄ անդամ չեն՝ Անդորրայում, Վատիկանում, Մոնակոյում, Սան Մարինոյում, Չեռնոգորիայում։    

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում