Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն անվտանգության ոլորտում կախված է նրանից, թե Ռուսաստանն ինչպես կարձագանքի այն բոլոր խնդիրներին, որոնք գոյություն ունեն երկկողմ հարաբերություններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է զարգանալու հայ-ռուսական հարաբերությունները անվտանգության ոլորտում։

«Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը  Ռուսաստանի հետ 96 տոկոսից իջել է՝ հասնելով 10-ից էլ քիչ տոկոսի։ Դա եղել է Ռուսաստանի որոշումն ու ընտրությունը։ Ռուսաստանն է որոշել չմատակարարել զենք-զինամթերքը, մինչև այսօր էլ ամբողջությամբ չեն մատակարարել։ Երբ նրանք պարբերաբար բողոքում են, որ Հայաստանն այլ երկրներից  զենք է գնում,  չեն շարունակում մատակարարել այն պայմանագրերը, որոնք կնքվել են 2021 կամ 2022 թվականներին»,- ասաց նա։

Հարցին՝ ինչո՞վ են հիմնավորում մատակարարումներ չիրականացնելը՝ ԱԽ քարտուղարը նշեց, որ Հայաստանը բացատրություններ է լսել, որ հիմնական պատճառը Ուկրաինայի հետ պատերազմն է։

«Բայց նաև պայմանագրեր կան, որ 2021 թվականին են կնքվել։ Ես չեմ ուզում անուն տալ, բայց ուզում եմ ասել, որ Հայաստանից բարձրաստիճան մեկ պաշտոնյայի ժամանակին ասվել է՝ եթե Ռուսաստանը Հայաստանին մատակարարի զենք-զինամթերք՝ Հայաստանի դիրքորոշումները կոշտանալու են. նաև դա է պատճառը, որ չեն մատակարարում»,- եզրափակեց ԱԽ քարտուղարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում