Ռուսաստան

Հարավային Կորեան դիտարկում է Ուկրաինային զենք մատակարարելու տարբերակները. Պուտինն արձագանքել է

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան դիտարկում է Ուկրաինային զենք մատակարարելու տարբերակները. Պուտինն արձագանքել է

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի վարչակազմն ուսումնասիրում է Կիևին տարբեր տեսակի սպառազինություն, այդ թվում՝ 155 մմ տրամաչափի հրետանային արկեր և հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Հարավային Կորեան խոշորագույններից մեկն է աշխարհում զենքի արտադրության բնագավառում։ Մինչ այժմ երկիրը ​​ձեռնպահ է մնացել Ուկրաինային մահացու ռազմական արտադրանք մատակարարելուց։

Հունիսի 20-ին Հարավային Կորեայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Չան Հո Չժինը հայտարարել է, որ երկիրը կարող է փոխել իր դիրքորոշումը համագործակցության, պաշտպանության և ռազմավարական գործընկերության համաձայնագրի պատճառով, որը կնքել են Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան։ Ի թիվս այլ բաների, այս համաձայնագիրը ենթադրում է ռազմական օգնություն՝ երկրներից մեկի վրա հարձակման դեպքում։

Հարավկորեացի խորհրդականն ընդգծել է, որ Սեուլի կառավարությունը «լուրջ մտահոգություն է հայտնում և դատապարտում է համաձայնագրի ստորագրումը»։

Հունիսի 21-ին ՌԴ դեսպան Գեորգի Զինովևը կանչվել է Հարավային Կորեայի ԱԳՆ, որտեղ նրան հայտնել են, որ Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի ռազմական համագործակցությունը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և բացասաբար է անդրադառնում տարածաշրջանային իրադրության և ռուս-կորեական հարաբերությունների վրա։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին հայտարարել էր, որ Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելու Սեուլի որոշումը «շատ մեծ սխալ կլիներ», և սպառնացել է պատասխան քայլերով, որոնք, նրա խոսքով, հազիվ թե դուր գան Հարավային Կորեայի ներկայիս ղեկավարությանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում