Միջազգային

Քուվեյթի բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի 49 զոհերից 40-ը հնդիկներ են

2 րոպեի ընթերցում

Քուվեյթի բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի 49 զոհերից 40-ը հնդիկներ են

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քուվեյթի Մանգաֆ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում հունիսի 12-ին բռնկված հրդեհի 49 զոհերից առնվազն 40-ը հնդիկներ են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։ 

Հրդեհի հետևանքով ևս 50 հնդիկ վիրավորվել է․ նրանք բուժում են ստանում Քուվեյթի հիվանդանոցներում։ 

Ըստ հաղորդագրության՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հրահանգով երկրի պետնախարար Քիրթի Վարդհան Սինգհը մեկնել է Քուվեյթ՝ զոհերի աճյունները հայրենիք տեղափոխելու և վիրավորների բուժօգնության հետ կապված հարցերով։ Նա հայտնել է, որ կատարվում են ԴՆԹ թեստեր՝ զոհերին նույնականացնելու համար։ 

BBC-ն հաղորդում է, որ հրդեհված շենքում ապրում էին տասնյակ արտագնա աշխատողներ։ 

Ըստ տեղի լրատվամիջոցների՝ շենքում ապրում էր 196 աշխատող։ Ենթադրվում է, որ շենքը գերբնակեցված է եղել։ 

Բացի հնդիկներից, զոհերի շարքում են նաև Պակիստանի, Բանգլադեշի, Ֆիլիպինների և Նեպալի քաղաքացիներ։

BBC-ն նշում է, որ Քուվեյթի բնակչության երկու երրորդը բաղկացած է արտագնա աշխատողներից, և երկիրը մեծապես կապված է միգրանտների աշխատանքից, հատկապես՝ շինարարության և տնային տնտեսության բնագավառներում։ 

Մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունները բազմիցս մտահոգություն են հայտնել նրանց ապրելու պայմանների առնչությամբ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում