Միջազգային

Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը

2 րոպեի ընթերցում

Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայն է այս տարվա հունիսին և սեպտեմբերին մասնակցել պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենի հետ նախընտրական բանավեճին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդում է Fox News-ը:

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է բանավեճին մասնակցել ցանկացած պահի և ցանկացած վայրում՝ նշելով, որ առաջարկված ժամկետները միանգամայն ընդունելի են իր համար:

«Խարդախոտ Ջո Բայդենը բանավեճի ամենավատ մասնակիցն է, ում հետ ինձ երբևէ վիճակվել է գործ ունենալ: Նա չի կարող անգամ երկու բառ կապել իրար: Բացի այդ, ԱՄՆ պատմության վատագույն նախագահներից է»,- նշել է Թրամփը:

Միաժամանակ, նա քննադատել է ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից առաջ բանավեճերի կազմակերպման համար պատասխանատու հանձնաժողովին՝ նշելով, որ ամբողջությամբ գտնվում է Դեմոկրատական ​​կուսակցության վերահսկողության ներքո:

Ավելի վաղ Բայդենի նախընտրական արշավի կազմակերպիչներն առաջարկել էին Թրամփի հետ նրա բանավեճն անցկացնել հունիսին և սեպտեմբերին։ Գործող նախագահը հաստատել է, որ պատրաստ է բանավեճին: Այդպիսով, ինչպես նշում է Fox News-ը, ԱՄՆ նախագահական մրցավազքի մասնակիցներն այս անգամ, ըստ ամենայնի, կխախտեն մի քանի տասնամյակ պահպանվող ավանդույթը, որի համաձայն՝ նման միջոցառումներն անցկացվում են ոչ թե երկու, այլ երեք անգամ և բացառապես աշնանը։

Թրամփը և Բայդենը նման բանավեճեր անցկացրել են 2020 թվականի նախագահական ընտրություններից առաջ։ Լրատվամիջոցների գնահատմամբ՝ այն ժամանակ Բայդենը հաջողությամբ էր լուծել իր խնդիրը: Հարցումների համաձայն՝ այս տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություններում Թրամփը ռևանշի հասնելու և Սպիտակ տուն վերադառնալու հնարավորություն ունի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում