Միջազգային

Վերջին տարիների ամենատաք փետրվարը շարունակում է եղանակային ռեկորդների շարքը

2 րոպեի ընթերցում

Վերջին տարիների ամենատաք փետրվարը շարունակում է եղանակային ռեկորդների շարքը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անցյալ ամիսը, ԵՄ կլիմայի փոփոխության «Կոպեռնիկոս» ծառայության տվյալների համաձայն, եղել է վերջին ժամանակների ամենատաք փետրվարը, որը շարունակել է նախորդ ութ ամիսների սահմանած ռեկորդը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ΒΒC-ից։

Սկսած 2023 թվականի հունիսից ամեն ամիս սահմանվում է տարվա այդ եղանակի համար նոր առավելագույն ջերմաստիճան։

Ծառայության հաղորդմամբ՝ համաշխարհային օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանը հիմա ռեկորդային բարձր մակարդակի վրա է, իսկ Անտարկտիկայում ծովի սառույցը կրկին հասել է ծայրահեղ ցածր մակարդակի։

Ջերմաստիճանի բարձրացման պատճառներից մեկն էլ Խաղաղ օվկիանոսում «Էլ Նինյո» երևույթն է, որի առաջացման արդյունքում Հարավային Ամերիկայի հասարակածային լայնությունների առափնյա ջրերի ջերմաստիճանը լինում է սովորականից տաք՝ ազդելով արևադարձային և մերձարևադարձային գոտիների մեծ մասի վրա։ Սակայն մարդու առաջացրած կլիմայի փոփոխությունը ջերմաստիճանի բարձրացման գլխավոր պատճառն է։

«Ջերմոցային գազերն, անշուշտ, (ջերմաստիճանի բարձրացման) հիմնական պատճառն են», - ընդգծել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Սելեստե Սաուլոն։

ԵՄ կլիմայի փոփոխության «Կոպեռնիկոս» ծառայության հաղորդմամբ՝ այս տարվա փետրվարին ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի սանդղակի 1,77 աստիճանով բարձր է եղել մինչարդյունաբերական ժամանակահատվածում գրանցված ջերմաստիճանից։ Սա նոր ռեկորդ է սահմանում՝ 0,12 աստիճանով գերազանցելով 2016 թ․-ին արձանագրված ցուցանիշը։

Հատկապես բարձր ջերմաստիճան է գրանցվել Հարավային Ավստրալիայում, Հարավ-արևմտյան Ասիայում, Հարավային Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում։

2015 թվականին կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի շրջանակներում շուրջ 200 երկրներ պայմանավորվել են փորձել թույլ չտալ, որ գլոբալ տաքացումը գերազանցի ըստ Ցելսիուսի 1,5 աստիճանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում