Հրաձգությունը պայքար է ինքդ քեզ հետ. Էլմիրա Կարապետյան

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպորտային կյանքի դժվարությունները, բարդություններն են, որ բացահայտում են մարզիկների իսկական էությունը: Այն, ինչը մեզ համար պարզապես երազանքի ճանապարհն է, իրականում մարզիկների կամքի բացահայտման ուղին է, որով նրանք ձգտում են մնալ պատմության սպորտային էջերում:

Հայկական հրաձգության մեծ ներուժ ունեցող մարզիկներից մեկը Էլմիրա Կարապետյանն է, ով այս տարի դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Եվրոպայի առաջնության բրոնզե, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր: Փարիզի Օլիմպիական խաղերի Հայաստանի օլիմպիական թիմի առաջին անդամը մեդալի հիմնական հավակնորդներից է 33-րդ խաղերում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Կարապետյանը պատմեց նախորդ բացառիկ նվաճումների, հաջողության իր բանաձևի և մինչև Փարիզ սպասվող իրադարձությունների մասին:

-Վերջին շրջանում Դուք այն բացառիկ մարզիկներից եք, ով շարունակաբար կայուն արդյունք է ցույց տալիս: Արդյոք եղե՞լ է մեկ բեկումնային պահ, որն, ըստ Ձեզ, հստակեցրեց Ձեզ համար, որ, այո, հրաձգությունն է նպատակներն իրագործելու միջոցը:

-Ի սկզբանե, շատերն էին կարծում, որ իմ՝ հրաձգությամբ զբաղվելը լուրջ չէ, քանի որ ստանդարտներին համապատասխան մարզումներ չեմ անցկացնում: Ունեմ իմ ուրույն ոճը:

-Իսկ ո՞րն է դա:

- Ունեմ իմ դիսցիպլինան, բայց ինքս եմ որոշում, ինչը երբ անել: Դժվար է ինձ մտցնել այդ շրջանակների մեջ և ասել՝ մարզվի՛ր այսպես: Երբ նոր-նոր էի սկսում, ասում էին, որ մարզումների համար ճիշտն այս կամ այն ոճն է, ես հակառակվում էի՝ պնդելով, որ պետք է փորձեմ բոլոր տարբերակները: Գուցե, տարօրինակ հնչի, բայց 19 տարեկանից եմ սկսել զբաղվել հրաձգությամբ:

-Տարօրինակ ու հակաօրինաչափ է այս ամենը: Դիսցիպլինան որոշում եք դուք, մարզվում եք 19 տարեկանից: Այդ դեպքում, ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:

-Կատաստրոֆիկ նպատակասլացությունը: Ու ինձ հետաքրքիր է այն, ինչը գնել չես կարող: Կարող եմ այլ մասնագիտությամբ գումար վաստակել և գնել ցանկացած բան, սակայն մեդալը գնել չես կարող: Ինձ գրավում է այն, որ մարզիկների հետ ներքին պայքարն այլ վայրում չես կարող գտնել: Հրաձգությունը պայքար է միայն քո ու քո միջև:

-Էլմիրա, անցնող տարին իսկապես բացառիկ էր Ձեզ համար գրանցած հաջողությունների առումով: Ի՞նչն է փոխվել այս տարում:

-Դեռևս նախորդ տարի պետք է այս փոփոխությունը լիներ, երբ ընդամենը մեկ միավորի պատճառով դուրս չեկա Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Ինձ շատ ոգևորեց Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը, քանի որ աշխարհի առաջնությունում գրանցածս արդյունքը ինձ համար անսպասելի էր: Այնտեղ գրանցած միավորն ինձ համար անձնական ռեկորդ էր, և ամեն ինչ առավել հեշտ է դառնում, երբ մեկ անգամ այդքան միավոր ես հավաքած լինում: Այս տարի բոլոր այն մրցաշարերին, որոնց մասնակցել եմ, մեդալ եմ նվաճել:

-Կարելի՞ է ասել, որ փորձը՝ որպես այդպիսին, Ձեզ ձևավորվել է որպես մարզիկ:

-Կարծում եմ՝ նախորդ 10 տարիներն են ինձ ձևավորել որպես մարզիկ:

-Ի՞նչն է փոխվել նախորդ տարում, որ այդպիսի մեծ արդյունքներ եք գրանցում:

-Երբ հղի էի, բոլորը կարծում էին, որ լավ արդյունքները դրա հետ են կապված: Բայց մեզ մոտ մի քանիսը հղիացան և հասկացան, որ հղիությունը խանգարող հանգամանք է: Մոտ 4 ամիս դադարի մեջ էի` հղիության վերջին 2 ամիսները և բալիկիս ծնվելուն հաջորդող 2 ամիսները: Մոտ մեկ ամիս էր, որ նորից մարզվում էի, երբ մասնակցեցի աշխարհի առաջնությանը: Ճիշտ ժամանակի դադարն առավել լավ մարզում է:

-Եվ տարվա լավագույն ձեռքբերումը, գուցե, աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթելն էր: Ինչպե՞ս եք հիմա վերհիշում այդ բացառիկ նվաճումը:

- Ի սկզբանե ես պարզապես ցանկանում էի տեսնել Ռիոն (ծիծաղում է. հեղ.): Մարզիչներիս էլ խնդրում էի, որ ինձ ուղարկեին հենց այդ մրցմանը: Հրաձգությունում կա մի նուրբ պահ, երբ մտնում ես եզրափակիչ, դա բացարձակ այլ զգացողություն է: Ամենադժվար «կրակ»-ը առաջին տեղի համար պայքարը չէ, այլ 3-րդ և 4-րդ տեղի համար մրցապայքարը, երբ մրցում ես մեդալ ունենալու կամ չունենալու համար: Ես էլ մրցում էի ոչ թե առաջին տեղի համար, այլ պարզապես մեդալի համար: Հենց այն պահին, երբ հասկացա, որ մեդալը կա, նոր զգացի, որ նաև ոսկուն կարող եմ տիրանալ: Ես հաճույք եմ ստանում կրակածս ամեն մի փամփուշտից:

-Կրակելիս խոսո՞ւմ եք ինքներդ Ձեզ հետ:

-Այո, անշուշտ: Բայց ինձ առավել շատ խանգարում է այն, երբ մրցումների ժամանակ լսում եմ հայերեն խոսք:

-Եվ գալով ամենակարևորին` Օլիմպիական խաղերին: Սրանք Ձեր երկրորդ Խաղերն են լինելու: Ինչո՞վ պիտի տարբերվեն նախորդից և ի՞նչ խնդիր ունեք Ձեր առաջ դրված:

-Եթե անկեղծ՝ առաջին Խաղերի ժամանակ այն հուզմունք ասվածը չկար: Խաղերից երկու ամիս առաջ միայն ստացա Օլիմպիական խաղերի քվոտան և միայն վերջին պահին «նստեցի օլիմպիական գնացքը»: Հիմա ես շատ ավելի դանդաղ ու ավելի մանրակրկիտ եմ պատրաստվում Օլիմպիական խաղերին:

-Ձեր մտքում օլիմպիական մեդալ ունե՞ք:

-Չեմ կարող պատասխանել այդ հարցին (ծիծաղում է. հեղ.):

-Ո՞րն է հրաձգության գեղեցկությունը:

-Հանգստությունը:

-Եվ մինչ Օլիմպիական խաղերը ի՞նչ պլաններ ունեք, ի՞նչ է Ձեզ սպասվում:

-Գրեթե ամեն ամիս մրցումներ ունենք: Տարբեր մրցումներ են` Գրան Պրիներ, գավաթներ և այլ մրցաշարեր:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում