Մշակույթ

Երևանի քաղաքապետարանը Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ հայտարարում է հուշարձանի նախագծի բաց մրցույթ

3 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ հայտարարում է հուշարձանի նախագծի բաց մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ հայտարարում է հուշարձանի նախագծի բաց մրցույթ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Շառլ Ազնավուրի ստեղծվելիք հուշարձանը նախատեսվում է տեղադրել նրա անունը կրող հրապարակում (Մոսկվա կինոթատրոնի դիմաց), որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

Ըստ աղյուրի՝ հայտատուներից պահանջվում է պատրաստել արձանի մանրակերտը, մանրակերտի եռադիրք լուսանկարները և անհրաժեշտ հայտաձևն ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով և այն ներկայացնել մրցույթին: Հայտերը անանուն կներկայացվեն մրցութային հանձանժողովին, որից հետո տեղի կունենա մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը: Հաղթող ճանաչված հայտի հեղինակին կտրամադրվի դրամական պարգև, և մանրակերտի հիման վրա կիրականացվի հուշարձանի կառուցումը:

Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել մինչև 3 մանրակերտի տարբերակ:

«Մրցութային պայմաններ՝

  • Արձանը/մանրակերտը պետք է լավագույնս ներկայացնի Շառլ Ազնավուրին՝ ընդգծելով վերջինիս ստեղծագործական կերպարը:
  • Արձանը պետք է ներդաշնակի տեղադրման վայրին: Անհրաժեշտ տեսանելիությունն ապահովելու համար պետք է հաշվի առնել հուշարձանի և դիտողի միջև հեռավորությունը, արձանի դիմահայաց դիրքի ընտրությունը, պատվանդանի բարձրությունը, արձանի լայնությունն ու բարձրությունը:
  • Արձանն ու արձանի նյութը պետք է համահունչ լինեն ընդհանուր միջավայրին և վերջինիս գեղագիտությանը:

Մրցութային հանձնաժողովին ներկայացվող նյութեր

(առաջին փուլ)

  • Լրացված հայտաձև
  • Մանրակերտի առնվազն եռադիրք լուսանկարներ

Ցուցադրությանը ներկայացնելու համար

(երկրորդ փուլ)

Գիպսից կամ պլաստիլինից պատրաստված մանրակերտ՝ ներառյալ պատվանդանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Մրցույթի ժամանակացույցը հասանելի է այստեղ։

Նշվում է, որ լավագույն մանրակերտի հայտատուն կպարգևատրվի 3 միլիոն դրամով:

Երևանի քաղաքապետարանը խնդրում է մանրամասների համար զանգահարել 011 514197 հեռախոսահամարին, մինչև 500 բառի սահմանում ներկայացնել առաջարկվող հուշարձանի վերաբերյալ մանրամասնություններ, հուշարձանի մանրակերտը, և հայտնում, որ մրցույթի հայտաձևը հասանելի է այստեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում