Ֆիլմ նկարահանելու միակ եղանակը կանգ չառնելն է. «Ոսկե ծիրան»-ը հյուրընկալեց ֆիլիպինցի ռեժիսոր Լավ Դիասին
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում ոլորտի ներկայացուցիչներն ու կինոյի երկրպագուները հուլիսի 11-ին հանդիպեցին փառատոնի միջազգային լիամետրաժ մրցույթի ժյուրիի նախագահ, ֆիլիպինցի հռչակավոր ռեժիսոր Լավ Դիասի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը Լավ Դիասը, որը Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ», Լոկարնոյի կինոփառատոնի «Ոսկե ընձառյուծ», Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» և մի քանի տասնյակ այլ մրցանակների դափնեկիր է և կինոյում ժամանակի մեծագույն փորձարար, պատմեց, որ մեծացել է Ֆիլիպինների հարավում, որտեղ չի եղել էլեկտրականություն:
«Ապրում էինք անտառի մեջտեղում: Հայրս դպրոցի ուսուցիչ էր: Մինչև ավագ դպրոցն ավարտելը, ապրել եմ տեղի բնիկ ցեղերի հետ, ինչը մեծ փորձառություն էր»,-ասաց նա և հիշեց, որ հայրը պարբերաբար իրեն տարել է քաղաք, որն իրենց տանից բավականին հեռու է եղել: Դիասը քաղաքի կինոթատրոններում ֆիլմեր դիտելու հնարավորություն է ունեցել ու կինոյի միջոցով ուսումնասիրել է տարբեր մշակույթները, ծանոթացել Բրյուս Լիի, Ջեկի Չանի և այլոց ֆիլմերին:
Լավ Դիասը Նյու Յորքում, որտեղ նկարահանել է մի շարք ֆիլմեր, հայտնվել է փողոցում ապրող երեխաների մասին պատմող վավերագրական ֆիլմի շնորհիվ: Նա խոստովանեց՝ Նյու Յորքը և՛ սիրում է, և՛ ատում: «Հինգ տարի հեռու եմ եղել իմ ընտանիքից և աշխատել եմ ֆիլիպինյան ամսագրում, որի շնորհիվ կարողացա իմ առաջին տեսախցիկը գնել, որով սկսեցի իմ ֆիլմերը նկարահանել»,-ասաց Դիասն ու տեսախցիկի հետ կապը համեմատեց կնոջ, սիրուհու, ընկերոջ հետ հարաբերությունների հետ:
Ըստ նրա՝ ինչպես կնոջը, այնպես էլ տեսախցիկը պետք է ուսումնասիրել, փորձել հասկանալ, թե ինչ է այն իրենից ներկայացնում: «Ցանկացած տեսախցիկ լավն է, եթե նրա հետ լավ հարաբերություններ ես ձևավորում: Սա նման է կիթառ նվագելուն: Եթե ամեն օր աշխատես ու նվագես, մի օր կդառնաս Էրիկ Քլեփթոն, Փոլ Մաքքարթնի, այսինքն՝ պետք է սիրես տեսախցիկը»,-շեշտեց ռեժիսորը:
Խոսելով «ֆիլիպինյան ընտանիքի էվոլյուցիա» տասը ժամ տևողությամբ ֆիլմի մասին՝ նա ասաց՝ երբ սկսել է այն նկարահանել, միամտաբար կարծել է՝ եթե տեսախցիկ ունի, ուրեմն կինոն պատրաստ է, սակայն ստիպված է եղել դժվարություններ հաղթահարել: «Իմ 16 մմ տեսախցիկով սկսեցի նկարահանել այն. աշխատում էի ամսագրում, բենզալցակայանում, մատուցողի գործ էի անում, որպեսզի գումար գտնեմ ու կարողանամ տեսախցիկի ժապավեններ գնել, որոնք թանկ էին, բայց ես կանգ չէի առնում: Ֆիլմ նկարահանելու միակ եղանակը կանգ չառնելն է»,-հավաստիացրեց Դիասը, որը երբեք չի սպասում ֆինանսական աջակցության, եթե գտնում է հետաքրքիր սյուժե, թեմա: Կարծում է՝ ֆինանսական աջակցությունը փոխզիջում ու կախվածություն է առաջացնում, ինչի պատճառով տուժում է ֆիլմը, վտանգվում է կինոյի ազատությունը, սակայն Լավ Դիասի բախտը բերել է, քանի որ այն մարդիկ, որոնք բյուջե են տրամադրում իրեն հարգում են հեղինակի աշխատանքն ու գաղափարները:
«Ես ստեղծում եմ հերոսների, որոնք զոհեր են, տուժածներ: Երբեք չէի կարողանա ֆիլմ նկարահանել, եթե ականատեսը չլինեի այն ամենի, ինչ ծնողներս են ցույց տվել: Ապրել եմ աղքատ շրջանում ու միշտ տեսել եմ մարդկության դժբախտությունը: Երբ իմ պատմությունն եմ պատմում, մշակում, արդեն մտքումս կան պատկերները: Կինոն պատմություն է, այսինքն՝ ինչ է եղել, ինչու է եղել: Եթե ցանկանում եք լինել այս ամբողջ տիեզերքի մասը, պետք է հասկանալ այդ ամենը»,-շեշտեց Դիասը:
Ֆիլմեր նկարահանելիս ռեժիսորը չի մտածում, թե ով է իր հանդիսատեսը: Նրա համոզմամբ՝ եթե սկսես կինո նկարել՝ մտածելով, թե ով է այն դիտելու, կվտանգես աշխատանքդ և կհարմարվես լսարանին: «Նման կառուցվածքը շատ կապիտալիստական է: Մածում ես շուկայի մասին, որը լսարանն է, այնինչ պետք է մտածել պատմության մասին, ֆիլմի տեսլականի մասին: Ձեր հոգին եք դնում դրա մեջ, ըստ էության՝ այդ հոգին եք վաճառում ենթադրյալ լսարանին»,-ասաց Լավ Դիասը:
Դիասին դուր է գալիս «Ոսկե ծիրան» փառատոնը, սակայն կարծում է՝ լավ կլիներ, եթե կինոյին նվիրված փառատոնները տևեին մեկ ամիս, քանի որ կինոն նվիրում ու ժամանակ է պահանջում:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի