Հասարակական

Վերջին շրջանում Հայաստանում դատապարտված 16 Իրանի քաղաքացիներից 5-ն օրերս փոխանցվել են ԻԻՀ. ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

2 րոպեի ընթերցում

Վերջին շրջանում Հայաստանում դատապարտված 16 Իրանի քաղաքացիներից 5-ն օրերս փոխանցվել են ԻԻՀ. ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հունիսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով իր դիվանագիտական առաքելությունն է ավարտում Հայաստանում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում պաշտոնավարման չորս տարիների ընթացքում ձևավորված սերտ համագործակցության և երկու պետությունների արդարադատության նախարարությունների միջև ստեղծված գործընկերային ամուր հարաբերությունների համար: Նախարարը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանում դատապարտված 16 Իրանի քաղաքացիներից 5-ն օրերս փոխանցվել են ԻԻՀ՝ պատժի մնացած մասն իրենց երկրում կրելու նպատակով և գոհունակություն է հայտնել դատապարտյալների փոխանցման ոլորտում շարունակական արդյունավետ համագործակցության համար:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին բարձր մակարդակի համագործակցության, մասնավորապես՝ դատապարտյալների փոխանցման, ինչպես նաև էքստրադիցիայի ոլորտում գրանցած հաջողությունների համար: Դեսպանն ընդգծել է Հայաստանի և Իրանի դատական համակարգերի միջև ձևավորված հաջող համագործակցության կարևորությունը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում իրավական հանձնախմբի նախատեսվող այցի ընթացքում կհաջողվի լուծել կողմերի միջև առկա իրավական խնդիրները: Դեսպանը նաև հույս է հայտնել, որ իրավական ոլորտում երկու պետությունների սերտ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի կանխել տարածաշրջանում թմրանյութերի շրջանառությունը:

Գրիգոր Մինասյանը կարևորել է հայ-իրանական իրավական ոլորտի համագործակցությունը: Նախարարը վերահաստատել է, որ երկկողմ այցերը կրելու են շարունակական բնույթ՝ ամրապնդելով հայ-իրանական հարաբերությունները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում