Միջազգային

Հնդկաստանի վարչապետը Նյու Յորքում հանդիպել է Իլոն Մասկի և այլ անվանի մարդկանց հետ

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի վարչապետը Նյու Յորքում հանդիպել է Իլոն Մասկի և այլ անվանի մարդկանց հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եռօրյա պետական այցով ԱՄՆ-ում գտնվող Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Նյու Յորքում հանդիպել է ամերիկացի ճարտարագետ, գործարար, Tesla և Space X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկի հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով NDTV-ի հրապարակումը:

Զրույցից հետո Twitter-ում Մոդին գրել է, որ Մասկի հետ զրուցել է տարբեր թեմաների շուրջ՝ էներգիայից մինչև հոգևոր հարցեր: Իր հերթին Մասկը գրել է, որ իր համար պատիվ էր դարձյալ հանդիպելը:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Իլոն Մասկը հայտնել է, որ Մոդիի մեծ երկրպագուն է: Մասկը նախատեսում է հաջորդ տարի այցելել Հնդկաստան և ակնկալում է լուրջ ներդրումային հարաբերություններ հաստատել այդ երկրի հետ:

Business Today պարբերականն էլ հայտնում է, որ Մոդին հանդիպումներ է ունեցել նաև այլ անվանի մարդկանց հետ, այդ թվում՝ ներդրող Ռեյ Դալիոյի, աստղաֆիզիկոս Նիլ դե Գրաս Թայսոնի, մաթեմատիկական վիճակագիր Նասիմ Նիկոլաս Թալեբի, գրող Ռոբերտ Թուրմանի և տնտեսագետ Փոլ Ռոմերի հետ: Հնդկաստանի վարչապետը նրանց հետ քննարկել է տարբեր հարցեր, այդ թվում՝ տիեզերքը, ներդրումները, Հնդկաստանում զարգացման քայլերը, բուդդայականությունը և տեխնոլոգիաները:

Հնդկաստանի վարչապետն իր այցի ընթացքում ելույթ կունենա ԱՄՆ կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստին, կհանդիպի գործարար շրջանակների և Հնդկաստանի սփյուռքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Կողմերի հանդիպման օրակարգում են առևտրի և պաշտպանական ոլորտում համագործակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում