Podcast. Հայաստանում երբեք այնքան թարգմանական գրականություն չի տպագրվել, որքան վերջին 20 տարում. Արքմենիկ Նիկողոսյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատկապես վերջին տարիներին Հայաստանում ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունն անխոս մեծացել է: Այդ են փաստում գրախանութներում ներկայացված բազմազան ու բազմաբովանդակ գրականությունն ու վաճառվող գրքերի քանակը:

Գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը կարծում է՝ այդ գործում մեծ ներդրում ունեն գրահրատարակիչները:

«Արմենպրես պոդքաստ»-իշրջանակում Նիկողոսյանը պատմել է գրական զարգացումների, ոլորտի բացթողումների, թարգմանական գրականության ձեռքբերումների, առաջիկայում լույս տեսնող բարձրարժեք գրքերի մասին:

Նա վստահեցնում է՝ եթե տասը տարի առաջ այցելեինք Երևանի լավագույն գրախանութներից որևէ մեկը, կտեսնեինք 80 տոկոս օտարալեզու գրքեր և ընդամենը 20 տոկոս հայերեն գրքեր: «Հայերեն գրքերը հիմնականում ներքևում էին շարված՝ պոլիգրաֆիական սարսափելի որակով, ոչ գեղեցիկ ձևավորումներով: Այսօր վիճակը շատ է փոխվել. մտնում ես գրախանութ ու տեսնում, որ գրքերի 80 տոկոսը հայերեն է: Արդեն գործ ունենք պոլիգրաֆիական բարձր որակով տպագրված գրքերի հետ: Աշխարհում չկա որևէ ազգության հայտնի հեղինակ, որի ստեղծագործություններից գոնե երկու օրինակ չլինի հայերեն ընթերցողի սեղանին»,-նշում է գրականագետը:

Նիկողոսյանը շեշտում է՝ վերջին տարիներին շատ մեծ աշխատանք է տարվել ժամանակակից հայ գրողների հանրահռչակման ուղղությամբ:

Ըստ նրա՝ եթե նախկինում գրախանութում հանդիպում էիր ժամանակակից հեղինակների անունների, որոնք անծանոթ էին, ապա այժմ նրանցից շատերի անունները ընթերցողները լավ գիտեն:

Խոսելով թարգմանական գրականության մասին՝ Արքմենիկ Նիկողոսյանն ասում է՝ տարեցտարի երկրում մեծանում է օտար լեզվին գերազանց տիրապետող մասնագետների թիվը, սակայն դա չի նշանակում, որ նրանք լավ թարգմանիչներ են, որովհետև ոչ միշտ են տիրապետում գեղարվեստական թարգմանության նրբություններին:

«Ահագնացող խնդիրը հայերենի վատ իմացությունն է. հիանալի տիրապետել այլ լեզվի, սակայն հասկացածդ չկարողանալ լավ մատուցել հայերեն: Դա լուրջ խնդիր է: Չնայած վերոնշյալ խոչընդոտներին՝ դեռ երբեք Հայաստանում այնքան թարգմանական գրականություն չի տպագրվել, որքան վերջին 20 տարում»,-ընդգծում է Նիկողոսյանը:

Նա կարևորում է այն, որ գրքերը թարգմանվում են բնագրերից ու գնալով ընդարձակվում է հայ թարգմանական գրականության լեզուների տիրույթը: Վերջին տասը տարում Հայաստանում 32 լեզվից գիրք է թարգմանվել:

Անդրադառնալով «Անտարես»-ի առաջիկա հրատարակություններին՝ Նիկողոսյանը նշում է, որ տասնյակ գրքեր թարգմանության փուլում են, որոնք շատ տարբեր են, տասնյակ գրքեր խմբագրման ու սրբագրման փուլում են, ձևավորման փուլում են, տպարանում են և այլն:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի, «Անտարես» հրատարակչության և ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի համատեղ ջանքերով Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանից սկսած տարեցտարի կպատրաստվի գրողի ստեղծագործությունների նոր ակադեմիական հրատարակությունը («Երկերի ժողովածու» 13 հատորով): Նիկողոսյանը դա դարակազմիկ իրադարձություն է համարում գրահրատարակչական դաշտում և տեղեկացնում, որ առաջին հատորն արդեն խմբագրման փուլում է:

Նրա խոսքով՝ ընթերցողները սիրում են «Անտարես»-ի տարբեր մատենաշարերը, ուստի նոր մատենաշարեր կլինեն: «2023-ին կլինի «Նոբելյանից 5 պակաս» մատենաշարը, որում կընդգրկվեն արդեն մահացած այն հեղինակների գործերը, որոնք մի քանի անգամ հայտնվել են Նոբելյան մրցանակի եզրափակիչ փուլում, բայց չեն արժանացել մրցանակի: Առաջին գիրքը կլինի Յուկիո Միսիմայի «Ոսկե տաճարը» վեպը: Սկսելու ենք դետեկտիվ, սարսափ, ֆենթզի և այլ ժանրեր ամփոփող մատենաշար, որի շրջանակում լույս կընծայենք Ջոն Ֆաուլզի «Հավաքորդը» վեպը»,-պատմում է Արքմենիկ Նիկողոսյանը:

Իսկ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ, որը նշվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, «Դարան» գրախանութում «Արքոյական զեղչեր» կլինեն:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Հայերեն

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները

COP17. ձայնամեկուսիչ հագուստից ջրի որակի ստուգում․ Կանաչ գոտու կրթական ծրագրերը

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը