Մշակույթ

Համավարակը նպաստել է գիրք գնելու, պատվիրելու, ընթերցելու մշակույթի արմատավորմանը. Արքմենիկ Նիկողոսյան

8 րոպեի ընթերցում

Համավարակը նպաստել է գիրք գնելու, պատվիրելու, ընթերցելու մշակույթի արմատավորմանը. Արքմենիկ Նիկողոսյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար 2020 թվականը ծանր տարի էր. համավարակ, պատերազմ: Չնայած այդ գործոններին՝ ընթերցեսերները չեն դադարել կարդալ՝գնելով նոր գրքեր, ծանոթանալով ինչպես հայ, այնպես էլ օտար հեղինակների ստեղծագործություններին: Պահանջարկի արդյունքում Հայաստանում գործող խոշոր հրատարակիչները շարունակել են հետաքրքիր գրքեր լույս ընծայել՝ հաճելին մատուցելով ընթերցողներին:

Գրահրատարակչական ոլորտի նվաճումների, աջակցության ծրագրերի, հայ հեղինակների հանրահռչակման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի հետ:

«Համավարակի տարածման ընթացքում մտավախությունը մեծ էր, որ ոլորտում կարող է անկում լինել, որովհետև մարդիկ մտահոգված էին իրենց կենսագործունեությամբ. աշխատատեղեր էին փակվում, ֆինանսական եկամուտները քիչ էին: Ի պատիվ մեր ժողովրդի՝ պետք է ասել, որ հենց այս կրիտիկական պահերին շատերը գերադասեցին իրենց ձեռքի տակ եղած գումարը ծախսել նաև գրքի վրա: Դա կարելի է բացատրել նրանով, որ մարդիկ փակվեցին տանը, և ազատ ժամանակը հրաշալի առիթ դարձավ ընթերցելու երազանքն իրականացնելու համար: Այլ հարց էր, որ տանից դուրս գալ չէր կարելի, գրախանութները փակ էին: Այդ ընթացքում կարևոր բան կատարվեց մեր շուկայում. մեծացան առաքվող գրքերի ծավալները, ինչը լրացրեց գրախանութների բացը»,-նշեց գրականագետը:

Նրա խոսքով՝ երբ մի քանի ամիս անց ամփոփել են գրահրատարակչական ոլորտի իրավիճակը, պարզվել է, որ անկումը մեծ չէ: Գիրք պատվիրելը, այն գնելն ու ընթերցելը վերածվել է սովորության մինչև պատերազմի սկսվելը:

«Կարծում եմ՝ այլ գրահրատարակիչներն էլ կփաստեն, որ համավարակի շրջանը բարենպաստ էր գիրք գնելու, պատվիրելու և ընթերցելու մշակույթն արմատավորելու համար: Պատերազմի շրջանում անկում եղավ: Պատերազմը լուրջ հոգեբանական խնդիրներ առաջացրեց. անընդհատ սպասումներ, տագնապ: Տրամադրություն չկար ո՛չ գրախանութ գնալու, ո՛չ կարդալու, բայց պետք է շեշտել՝ երբ քիչ թե շատ լավ լուրերով է ողողվում մեդիադաշտը կամ երկու-երեք օր հարաբերական խաղաղ իրավիճակ է լինում, կրկին վերադառնում ենք բնականոն հունին: Դեկտեմբերի կեսերից սկսած՝ գրքի պահանջարկը կտրուկ աճեց. դա էլ պատճառներ ունի: Մարդը տեսավ, որ իրեն անընդհատ խաբում են: Սարսափելի մանիպուլացիոն գործընթաց էր սկսվել: Ստացվում էր այնպես՝ եթե չես տիրապետում որոշակի իրավիճակի, որոշակի ինֆորմացիայի, հայտնվում ես խաբվողի դերում: Մարդն սկսեց ինքը փնտրել իր ինֆորմացիան, զարգացնել ինտելեկտը, գիտելիքները, իսկ այդ ճանապարհին գիրքը լավագույն ուղեցույցն ու լավագույն ընկերն է»,-ընդգծեց նա:

Արքմենիկ Նիկողոսյանը ուրախալի է համարում այն հանգամանքը, որ պատերազմից հետո հաճախումները գրախանութ մեծացան, պատվերները շատացան:

Նա փաստեց, որ այս տարի ժողովուրդն ամբողջ շուքով չնշեց Ամանորը, բայց հաճելի էր տեսնել, որ Ամանորի զուսպ նվերների մեջ նախընտրեցին նաև գիրքը: Այդ մասին են վկայում մինչ Ամանորը գրախանութների հերթերը:

«Չնայած բոլոր օբյեկտիվ դժվարություններին՝ 2020-ը բարեհաջող էր հրատարակչական դաշտի համար, որովհետև տվեց առաջ գնալու, նոր իրականության մեջ կողմնորոշվելու բազմաթիվ հնարավորություններ, որոնք կօգնեն 2021-ին և գալիք տարիներին ավելի ճիշտ աշխատել: Անկախ դժվարություններից՝ հրատարակչությունները շարունակել են աշխատել, հազարավոր նոր գրքեր են լույս տեսել Հայաստանում և՛ թարգմանական, և՛ ժամանակակից հայ գրողների, վերջին շրջանում մոդայիկ դարձած մարքեթինգային մոտիվացիոն գրքերի նոր հրատարակումներ են եղել, ինչն ուրախալի է»,-շեշտեց գրականագետը:

Անդրադառնալով պետության՝ գրահրատարակչական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին՝ Նիկողոսյանն ասաց, որ տարիներ շարունակ պայքարել են պետպատվերի դեմ, որովհետև դա խաթարում է գրահրատարակչական շուկայի բնականոն զարգացումը:

«Իմ ընկալմամբ աջակցությունները պետք է լինեն այլ կերպ: Անհրաժեշտ է աջակցել գրադարաններին, հատկապես մարզային և գյուղական համայնքների, որպեսզի հրատարակվող գրքերը մատչելի ճանապարհով հասնեն ընթերցողին: Այդ առումով նախորդ տարիներին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շատ լավ աշխատանք է իրականացրել. գործել է «Գրքերի գնման» ծրագիրը, որի շրջանակում բազմաթիվ գրքեր են գնվել և բաժանվել գրադարաններին, որոնք պարբերաբար համալրվում են նոր գրքերով, և մարզային ընթերցողները հնարավորություն են ունենում շատ արագ ծանոթանալ նոր գրքերին ու գրական սովի մեջ չմնալ»,-հավաստիացրեց նա:

Ըստ Նիկողոսյանի՝ նմանատիպ ծրագրերը պետք է շարունակական լինեն: Գրականագետը կարևորում է նաև հայ գրողների գրքերն օտար լեզուներով թարգմանելու ծրագրերը և պնդում է, որ հրատարակիչները չպետք է կոնկրետ որևէ գրքի տպագրության, հրատարակման համար աջակցություն ստանան նախարարությունից, այլ պետք է ձևավորվի հասարակական պահանջարկ, իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կարող է օժանդակել՝ ձեռք բերելով պահանջված գրքերը և դրանք գրադարաններին տրամադրելով:

Խոսելով հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունների հանդեպ հանրության հետաքրքրության մասին՝ Նիկողոսյանն ասաց, որ մեծ աշխատանք են տանում ժամանակակից գրողներին ճանաչելի դարձնելու ուղղությամբ: Վերջին տարիներին քաղում են աշխատանքի պտուղները: «Ժամանակակից գրողների գործերի հրատարակման առյուծի բաժինն «Անտարես» հրատարակչությանն է, բայց ուրախալի է, որ մյուս հրատարակիչներն էլ այդ ուղղությամբ քայլեր անում են: Ե՛վ «Զանգակ»-ը, և՛ «Էջ»-ը, և՛ «Դարակ»-ը, և՛ «Էդիթ Պրինտ»-ը հրատարակել են հայ հեղինակների գրքեր, որոնց պահանջարկն այսօր կա: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» նախագծին հետևելով՝ կարելի է հասկանալ, թե որ գրքերն են հատկապես պահանջված: Պահանջված հեղինակներից են Սյունե Սևադան, Արամ Պաչյանը, Գրիգը և այլք: Վերջին շրջանում Աննա Դավթյանի «Խաննա» վեպը մեծ հետաքրքրություն առաջացրեց, Հովիկ Աֆյանի «Կարմիր» վեպը ընդամենը երկու շաբաթում 200 օրինակով վաճառվեց, ինչը շատ լավ ցուցանիշ է: Մշտապես վաճառվում են Գուրգեն Խանջյանի, Վահագն Գրիգորյանի, Հովիկ Երանյանի և այլ սիրված հեղինակների գրքերը»,-նշեց Արքմենիկ Նիկողոսյանն ու հավելեց, որ կան գրողներ, որոնք նախընտրում են սեփական միջոցներով գրքեր հրատարակել, վաճառել և նրանցից շատերի գրքերը ևս պահանջված են ու սիրված:

Նիկողոսյանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ դեռ պետք է շատ աշխատել ժամանակակից գրողների հանրահռչակման համար, ընթերցողն էլ պետք է աստիճանաբար վարժվի այդ երևույթին: Ծավալների աճ կա, բայց դա բավարար չէ:

«Շատ կարևոր փաստ եմ ցանկանում արձանագրել. 2020 թվականին Հուսիկ Արայի «Եվ սերը ասաց» բանաստեղծությունների ժողովածուն վաճառվել է 300 օրինակով: Վաճառվել է, ոչ թե նվիրել են կամ բաժանել: Դա, իմ ունեցած տվյալներով, աննախադեպ ցուցանիշ է ժամանակակից բանաստեղծի գրքի համար»,-եզրափակեց Արքմենիկ Նիկողոսյանը:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում