Մշակույթ

Արքմենիկ Նիկողոսյանը կարևորում է Հայաստանում  մշակութային գիտակցության բարձրացումը

2 րոպեի ընթերցում

Արքմենիկ Նիկողոսյանը կարևորում է Հայաստանում  մշակութային գիտակցության բարձրացումը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրականագետ, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ մշակութային դաշտում առկա խնդիրներին` մեջբերելով Հրանտ Մաթևոսյանի այն հայտնի խոսքը, որ երկրները նվաճվում են մշակույթով՝ բանակները հետո են գալիս:

«Հեղափոխության ժամանակ ամենամեծ սպասումներից մեկը եղել է այն, որ ՀՀ մշակույթի նախարարությունն աստիճանաբար կվերածվի մշակութային հեղափոխության, քանի որ հեղափոխության բերած փոփոխությունները կարող են ամրագրվել, եթե երկրում կա մշակութային գիտակցության բարձրացում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց գրականագետը։

Նրա համոզմամբ՝ հեղափոխության առաջին օրերին հայ հասարակությունը նպաստեց, որ մշակույթի նկատմամբ լինի երկրորդական վերաբերմունք, քանի որ ամենավատ քննարկումները վերաբերում էին մշակույթի նախարարությանը։

Քննարկումներից գրականագետը տպավորություն է ստացել, որ մարդկանց համար այդ նախարարությունն ամենահեշտ ոլորտներից է, և յուրաքանչյուրը կարող է ստանձնել նախարարի պաշտոնը։ Գրականագետը նկատեց, թե նախարարությունների կրճատման հարցում ցանկանում է մեկ լավ բան տեսնել, որ դա կօգնի մեր հասարակությանը ավելի լավ աշխատել, և մշակույթի նախարարության անհրաժեշտությունը կլինի մշակութային դաշտի պահանջ։

«Իմ գնահատմամբ` կայուն է այն իշխանությունը, որն ունի հոգատար վերաբերմունք մշակույթի հանդեպ։ Համոզված եմ, որ նախորդ իշխանությունների ձախողման կարևոր պատճառներից մեկն այն հակամշակութային քաղաքականությունն էր, որն իրականացնում էին։ Չեմ ցանկանում, որ նույն ճակատագրին արժանանա նոր իշխանությունը»,-ընդգծեց Նիկողոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում