«Խոզի տարին», մարդը և երկիրը՝ Հովիկ Աֆյանի նոր վեպի շնորհանդեսը
4 րոպեի ընթերցում

«Խոզի տարի» վեպը, որում հեղինակը վեր է հանում մարդու ու երկրի միջև եղած անբաժանելի կապը, ապրիլի 18-ին ներկայացվեց ընթերցողներին։ Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ «Զանգակ» գրատանը՝ գրքի փիլիսոփայության ու ենթատեքստերի քննարկումներով։
Հեղինակ Հովիկ Աֆյանն իր նոր գրքում պատմում է ոչ միայն անհատի, այլև՝ ամբողջ երկրի մասին։ «Կարելի է ասել, որ այս պատմությունը ցեխի ու գետի տարբերության մասին է, ընդ որում՝ ոչ՛ ցեխն է ցեխ, ո՛չ գետն է գետ, պարզապես մարդն է ցեխի ու գետի մեջ։ Ու եթե մարդը, ուրեմն՝ երկիրը», — գրված է գրքի նկարագրությունում։

Գիրքը վերնագրով արդեն ուղերձ է տալիս․ «Խոզի տարի»՝ այն տարին, երբ, թվում է, բանականությունը զիջում է բնազդներին, իսկ մարդը հայտնվում է պայքարի մեջ՝ ինքն իր, միջավայրի, նույնիսկ՝ ժամանակի դեմ։ Հովիկ Աֆյանի գրական ոճին հատուկ խտացված մտքերը այս գրքում ներառում են 1983-ի ձմռան, 12 տարի անց գարնան, ապա՝ ամռան, աշնան ու նորից ձմռան տարիները, որոնք մետաֆորիկ կերպով ներկայացնում են Հայաստանի անցած ճանապարհը։

Վեպը հեղինակը նվիրել է գրքի խմբագրին՝ Արքմենիկ Նիկողոսյանին։ Նախաբանում նա գրում է․ «Նվիրում եմ իմ առաջին ու գուցե վերջին գրքերի խմբագիր, բայց նաև բարեկամ Արքմենիկ Նիկողոսյանին, որը ի տարբերություն ինձ, ծնվել է ոչ թե խոզի տարում, այլ Սևանի ափին»։

«Վեպում ես մի քիչ նաև լրագրող եմ, երևի առաջին անգամն իմ գրքերի մեջ։ Վեպը որքան էլ դաժան է, սթափ է, բայց ունի լավատեսական ավարտ՝ դեպի գարուն տանող ավարտ։ Ըստ իս, երբ մարդը մտնում է գետն ու լողում հոսանքին հակառակ, դեպի գարուն է գնում», - ասաց հեղինակը։
Թե ինչպես առաջացավ վեպի գաղափարը, հեղինակը պատասխանում է. «Տարիներ առաջ դիտում էի ժամանակակից գրող Նորայր Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նա մի միտք ասաց. «Ես ինձ ինչքան հիշում եմ, իմ երկիրը կործանվում է»։ Այդ պահին ինքս ինձ մի հարց տվեցի՝ ինչպիսի՞ վիթխարի և հզոր երկիր ենք, եթե այսքան տարի կործանվում ենք, բայց երբեք ամբողջությամբ չենք կործանվում, և որոշեցի գրել այդ մասին»։

Խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, իր հերթին, նշեց. «Խոզի տարին վեպն ունի չափազանց լայն ընդգրկում, թեպետ կարող է 30-40 տարվա պատմությունը արտաքուստ այդպես չթվալ, բայց այս վեպում Հովիկն իր հույսը չի դրել միայն ստեղծագործական մտքի ճկունության վրա, այլ ներկայացրել է պատմական ժամանակաշրջանի խորը ուսումնասիրություն։ Սա նաև քաղաքական վեպ է, և ընթերցողը կարող է այսօր կատարվող իրադարձությունների պատճառահետևանքային կապերը փնտրել գրքում»։

Մասնակիցներից շատերը խոսեցին գրքի լեզվի, ձևաչափի, կառուցվածքի ու գաղափարների մասին։ Լիա Մելքոնյանը, ով մինչ շնորհանդեսն էր հասցրել ընթերցել գիրքը, ասաց՝ սա պարզապես վեպ չէ, այլ ազգային կենսագրական, որը յուրքանչյուրը պետք է կարդա՝ սեփական անձը ճանաչելու համար. «Խոզի տարին» մի վեպ է, որ ընթերցվում է հոսանքին հակառակ լողացող մարդու պես՝ դժվար, բայց սթափեցնող, և ինչպես գրված է գրքում՝ «միայն այդպես է հնարավոր՝ անհնարին հաղթանակը»։
Լիանա Քարամյան
Լուսանկարները՝ հեղինակային