ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Լիտվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Լիտվայի Ազգային անվտանգության նախագահի գլխավոր խորհրդատու Կեստուտիս Բուդրիսի, Լիտվայի վարչապետի՝ Արևելյան հարևանության և ժողովրդավարության խթանման հարցերով խորհրդատու Գալինա Վաշչենկայտեի և Լիտվայի Արտաքին գործերի փոխնախարար Մանտաս Ադոմենասի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Քննարկել ենք Հարավային Կովկասում ու Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերներն և մտքեր ենք փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային ու տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Վերոնշյալի շրջանակներում զրուցակիցներին եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերները և դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի տեսակետներն ու դիրքորոշումները»,- գրել է Գրիգորյանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-լիտվական երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցերի և մտքեր փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: Գոհունակությամբ ընդգծել են վերջին շրջանում առավել ակտիվացած Հայաստան-Լիտվա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: