Հասարակական

Երևանում տեղի կունենա «Այլընտրանքային ներդրումները Հայաստանում» միջազգային համաժողովը

2 րոպեի ընթերցում

Երևանում տեղի կունենա «Այլընտրանքային ներդրումները Հայաստանում» միջազգային համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում նոյեմբերի 8-9-ին տեղի կունենա երկօրյա միջազգային ֆինանսական համաժողով, որին կմասնակցեն ներդրողներ, վենչուրային ընկերությունների, ընտանեկան գրասենյակների, ֆինանսական կառույցների, մասնավոր ընկերությունների, կառավարությունների և դեսպանատների ներկայացուցիչներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Այլընտրանքային ներդրումները Հայաստանում» խորագրով համաժողովը կազմակերպվում է Orion Worldwide Innovations-ի և BDO Armenia-ի համագործակցությամբ:

Համաժողովի հիմնական նպատակն է Հայաստանում այլընտրանքային ներդրումների աղբյուրների աճի համար հնարավորությունների ստեղծումը: Միաժամանակ, համաժողովը Թվային Ջուղա ցանցի ակտիվացման կարևոր միջոցառումներից է՝ ի լրումն հայկական ստարտափների համար ներդրումների ներգրավման:

«Երկրների տնտեսական աճը խթանելու գործում այլընտրանքային ներդրումներն էական դեր ունեն և նպաստում են ֆինանսական ներդրումների ներհոսքին դեպի տնտեսություն: Դրանք առավելապես ուղղորդվում են դեպի նորարարությունների ֆինանսավորումը, կազմակերպությունների արդյունավետության բարձրացումը և խթանում ներդրումների կառավարման ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորումը»,- նշել է BDO-ի գործընկեր, Խորհրդատվական ծառայությունների ղեկավար Ալեքսանդր Շաղիկյանը:

Orion Worldwide Innovations»-ի հիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանն էլ ասել է, որ տնտեսության այլընտրանքային ֆինանսավորման տեսակներ կարող են լինել մասնավոր կապիտալը, կորպորատիվ վենչուրային կապիտալը, ընտանեկան գրասենյակները:

«Զարգացած ֆինանսական էկոհամակարգերի ակտիվների կառուցվածքում բանկային վարկային պրոդուկտներից բացի, մեծ դեր ունեն նաև այլընտրանքային ներդրումները, որոնց միջոցով ֆինանսները հոսում են դեպի ստարտափներ, նորարարական նախագծեր՝ խթանելով տնտեսական աճը։ Մեր նպատակներից է, վերոնշյալ այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրները զարգացնելով, տնտեսության համար ստեղծել նոր հնարավորություններ»,- նշել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում