Հասարակական

Հայաստանը դիտարկում է քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունն ընդունելու հնարավորությունը

3 րոպեի ընթերցում

Հայաստանը դիտարկում է քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունն ընդունելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է քիք-բոքսինգի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռիշատ Սայապովին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները՝ ի դեմս նախագահ Գառնիկ Հայրապետյանի:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախարարությունից, հանդիպմանը քննարկվել է 2024 թվականին քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունը Հայաստանում ընդունելու հարցը:

Հայաստանի քիք-բոքսինգի ֆեդերացիան հայտ է ներկայացրել 2024 թվականի աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ: Գառնիկ Հայրապետյանի փոխանցմամբ՝ վերջնական որոշումը կկայացվի նոյեմբերին Մոսկվայում կայանալիք համաշխարհային ֆեդերացիայի կոնգրեսի ժամանակ: Մինչ այդ՝ Ռիշատ Սայապովը հայկական կողմի հրավերով ժամանել է Հայաստան՝ ծանոթանալու մեր երկրի ենթակառուցվածքներին: Քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու դեպքում նախատեսվում է շուրջ 160 երկրի մասնակցություն:

«Ուրախ եմ տեսնել, որ Հայաստանում քիք-բոքսինգը մեծ զարգացում է ապրել: Կատարվում են մեծ աշխատանքներ՝ մարզիկների որակների բարձրացման, մարզադպրոցների կառուցման և երեխաների մարզումների բարելավման ուղղությամբ: Վստահ եմ, որ մեծ հաղթանակներն առջևում են, կարևորը՝ քայլ առ քայլ գնում եք դեպի այդ նպատակը»,- նշել է Ռիշատ Սայապովը:

Կարեն Գիլոյանը հույս է հայտնել, որ քիք-բոքսինգը շուտով կընդգրկվի օլիմպիական մարզաձևերի շարքում, և դրանից հետո քննարկումներն ավելի առարկայական կլինեն: Քիք-բոքսինգի միջազգային ֆեդերացիան ևս քայլեր է կատարում այդ ուղղությամբ։

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) քիք-բոքսինգի կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիային (WAKO) ներառել է որպես մարզաձևի միակ ներկայացուցիչը ՄՕԿ-ում, որն էլ իր հերթին այդ կառույցի շուրջ է միավորում տեղական ազգային ֆեդերացիաներին, ինչպես, օրինակ, Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիային։

Նախատեսվում է WAKO-ի ու ՄՕԿ-ի համագործակցության խորացում, որը վերջնարդյունքում կենթադրի քիք-բոքսինգի ներառում օլիմպիական մարզաձևերի շարքում։

2023 թվականին Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիան կընդգրկվի պետական ֆինանսավորման ծրագրում:

«Այս տարիների ընթացքում մեր ֆեդերացիան բացել է բավական մեծ թվով դպրոցներ, մասնակցել է միջազգային բազմաթիվ առաջնությունների և ունեցել բազում հաջողություններ: Ուրախ եմ, որ այս ամենն արժանանում է պետության գնահատականին»,- հանդիպման ընթացքում ասել է Գառնիկ Հայրապետյանը` կարևորելով պետական աջակցությունը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում