ԵՐԵՎԱՆ,10 ՀՈՒՆԻՍԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:1858 թ. հունիսի 10-ին մահացել է Մեսրոպ Թաղիադյանը՝ գրող, մանկավարժ, հրապարակախոս։
-1932 թ. հունիսի 10-ին մահացել է Սիրանույշը՝ դերասանուհի, հայ բեմի տաղանդավոր դեմքերից եւ հայ թատերական մշակույթի գագաթներից մեկը:
-1930 թ. հունիսի 10-ին ծնվել է Նիկոլայ Հովհաննիսյանը՝ հայ պատմաբան, արեւելագետ, պատմական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1971)։
-1941 թ. հունիսի 10-ին ծնվել է Ժենյա Ավետիսյանը՝ թատրոնի, հեռուստատեսության եւ կինոյի հայ դերասանուհի, ասմունքող, ՀԽՍՀ վաստակավոր եւ ՀՀ ժողովրդական արտիստ:
-1954 թ. հունիսի 10-ին ծնվել է Սիլվա Յուզբաշյանը՝ դերասանուհի:
-1865 թ. հունիսի 10-ին Մյունխենում կայանում է «Տրիստան եւ Իզոլդա» օպերայի առաջին ցուցադրությունը:
-1943 թ. հունիսի 10-ին հունգարացի Լասլո Բիրոն հայտնաբերում է գնդիկավոր գրիչը:
-1819 թ. հունիսի 10-ին ծնվել է Գյուստավ Կուրբեն՝ ֆրանսիացի նկարիչ:
-1913 թ. հունիսի 10-ին ծնվել է Տիխոն Խրեննիկովը՝ ռուս սովետական դաշնակահար:
-Ք. ծ. ա. 323 թ. հունիսի 10-ին մահացել է Ալեքսանդր Մակեդոնացին՝ հույն զորավար:
-Ք. ծ. ա. 323 թ. հունիսի 10-ին մահացել է Դիոգենես Սինոպացին՝ հույն փիլիսոփա:
-1588 թ. հունիսի 10-ին մահացել է Լուիշ դի Կամոենսը՝ պորտուգալացի խոշորագույն բանաստեղծ:
-1967 թ. հունիսի 10-ին մահացել է Սփենսեր Թրեյսին՝ ամերիկացի դերասան:
-2000 թ. հունիսի 10-ին մահացել է Հաֆեզ ալ-Ասադը, 1971-2000 թթ. եղել է Սիրիայի նախագահը:
-2004 թ. հունիսի 10-ին մահացել է Ռեյ Չարլզը՝ ամերիկացի ջազմեն եւ դաշնակահար:
-2008 թ. հունիսի 10-ին մահացել է Չինգիզ Այթմատովը՝ ղրղզ գրող:
Հետաքրքրական է
Սուրբ Սոֆիայի տաճար՝ նախկինում հունական ուղղափառ քրիստոնեական տաճար, ավելի ուշ՝ օսմանյան մզկիթ, մինչեւ 2020 թ.՝ թանգարան (Այասոֆիա թանգարան), իսկ 2020 թ. հուլիսի 10-ից մզկիթ Ստամբուլում (Թուրքիա)։ Տաճարը կառուցվել է 537 թ. եւ հայտնի է հատկապես իր յուրօրինակ գմբեթով։ Այս տաճարը աշխարհի ամենամեծ կառույցներից է եղել եւ համարվում է ճարտարապետության գլուխգործոց։ Այն միեւնույն ժամանակ համարվում է բյուզանդական ճարտարապետության մարմնավորում. կարծիք կա, թե այն «փոխել է ճարտարապետության պատմությունը»։ Սուրբ Սոֆիայի ճարտարապետական յուրահատկությունը այն է, որ պատրաստված է փոքրիկ կերամիկական կտորների եւ ավազի համակցությամբ, մի եղանակ, որը համարժեք է ժամանակակից բետոնին։
Իր ստեղծման օրվանից՝ 537 թ., մինչեւ 1453 թ. այն եղել է Արեւելյան ուղղափառ տաճար եւ հանդիսացել է Կ. Պոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը։ Միայն 1204-1261 թթ. ընթացքում տաճարը խաչակիրների կողմից (Խաչակրաց 4-րդ արշավանքի ժամանակ) վերածվել է կաթոլիկ տաճարի, որը Լատինական կայսրության տիրապետության տակ էր։ 1453 թ. մայիսի 29-ին Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվել է օսմանյան մզկիթի. այս կարգավիճակում այն մնացել է մինչեւ 1931 թ.։ Այնուհետեւ այն աշխարհիկացվել է եւ 1935 թ. փետրվարի 1-ին դարձել բաց թանգարան։ Շուրջ հազար տարի Սուրբ Սոֆիայի տաճարը համարվել է աշխարհի ամենամեծ տաճարը, մինչեւ որ 1520 թ. կառուցվել է Սեւիլյայի տաճարը։
Ա. Հ.