Հասարակական

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տարածաշրջանային տնօրենն այցելում է Հայաստան՝ քննարկելու ժողովրդագրական դիմակայունության ամրապնդմանն ուղղված աջակցությունը

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տարածաշրջանային տնօրենն այցելում է Հայաստան՝ քննարկելու ժողովրդագրական դիմակայունության ամրապնդմանն ուղղված աջակցությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերը 2024 թվականի հոկտեմբերի 8-10-ը կիրականացնի իր առաջին այցը Հայաստան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ այս շրջադարձային այցն ընդգծում է ՄԱԲՀ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը և մյուս գործընկերներին՝ ժողովրդագրական դիմակայունության ամրապնդման և Հայաստանի ժողովրդագրական նոր ռազմավարության իրականացման հարցում, ինչպես նաև սեռական և վերարտադրողական առողջության, գենդերային հավասարության և երիտասարդության հզորացման հետ կապված հրատապ մարտահրավերների լուծման գործում:

Այցի ընթացքում տիկին Բաուերը բարձր մակարդակի քննարկումներ կանցկացնի կառավարության պաշտոնյաների, խորհրդարանի անդամների, Մարդու իրավունքների պաշտպանի, դոնոր և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ երկարաժամկետ լուծումների համար ռազմավարություններ դիտարկելու և բնակչության արագ փոփոխության պայմաններում Հայաստանի ժողովրդագրական դիմակայությունը բարձրացնելուն աջակցելու նպատակով։

Այցի ուշադրության կենտրոնում է լինելու ՄԱԲՀ Հայաստանի համար 2026-2030 թվականների գործողությունների ծրագրի փաստաթղթի մշակումը: Այցը կնպաստի ազգային առաջնահերթությունների և դրանց ՄԱԲՀ աջակցության ռազմավարական համապատասխանեցման վերաբերյալ բաց երկխոսությանը:

Ֆլորենս Բաուերը, օգտվելով առիթից, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և հիմնական գործընկերներին կներկայացնի ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին:

ՄԱԲՀ տարածաշրջանային տնօրենի այցը Հայաստան առանցքային պահ է ավելի ամուր գործընկերային հարաբերություններ խթանելու և բոլոր հայաստանցիների համար դեպի ավելի դիմակայուն, արդար և առողջ ապագա առաջընթացն արագացնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում