Տնտեսություն

ՊԵԿ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսի անցակետին առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսի անցակետին առնչվող հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, hանդիպմանը դեսպանը շնորհավորել է ՊԵԿ նախագահին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ կողմերի միջև սերտ համագործակցային հարաբերություններն ավելի կամրապնդվեն և կնպաստեն երկու երկրների տնտեսական զարգացմանը՝ ինչպես երկկողմ փոխգործակցության, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության շրջանակում։ 

Հանդիպմանը քննարկվել են մաքսային և հարկային փոխգործակցության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է երկու երկրների միջև տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի 2024թ․ դեկտեմբերի 20-ին կայացած նիստում համաձայնեցված՝ առաջիկայում Հայաստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնության միջև ապրանքների տեղափոխման ժամանակ նավիգացիոն կապարակնիքների կիրառման փորձնական ծրագրի կազմակերպմանն ու իրականացմանը։ ՊԵԿ նախագահը նաև ընդգծել է ավտոմոբիլային փոխադրումների ժամանակ նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին միջկառավարական համաձայնագրի նախագծի մշակման կարևորությունը։

Ըստ աղբյուրի՝ կողմերի միջև քննարկվել են նաև «Վերին Լարս» սահմանային անցման կետում խնդիրների առաջացմանն ու դրանց հնարավոր լուծումների և օպերատիվ արձագանքմանն առնչվող հարցեր։

Դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակելու ՊԵԿ ծառայողների համար նախկինում կազմակերպված ռուսերեն լեզվի կարողությունների զարգացման ծրագրերը:

Նշվում է, որ հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց վճռականությունը՝ սերտորեն համագործակցելու ընդհանուր նպատակներին հասնելու համար:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում