ՀՀ կառավարությունը ներկայացրել է մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են ապաստանի տրամադրման և փախստականների պաշտպանության համակարգի կատարելագործմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս փոփոխությունները ներառում են «Փախստականների և ապաստանի մասին», «Օտարերկրացիների մասին», Քրեական օրենսգրքում, «Պետական տուրքի մասին» և մի շարք այլ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով։
ՀՀ-ն, լինելով 1951 թվականի «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայի և այլ միջազգային փաստաթղթերի անդամ, պարտավորվել է զարգացնել իր օրենսդրական դաշտը։ Ներկայումս օրենսդրական որոշ բացեր խոչընդոտում են փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների լիարժեք պաշտպանությանը։
ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) աջակցությամբ և եվրոպական կառույցների ուղեցույցների հիման վրա կատարված ուսումնասիրություններն ընդգծել են նոր մարտահրավերներին արձագանքելու անհրաժեշտությունը։
Առաջարկվող փոփոխություններով կհստակեցվեն «փախստական», «ապաստան», «հետապնդում», «չվերադարձելիություն» հասկացությունները, սահմանվում են օժանդակ պաշտպանություն ստանալու և չվերադարձելիության սկզբունքից օգտվելու նոր կարգավիճակներ, ապահովվում են հատուկ կարիքներ ունեցող անձանց սոցիալական աջակցության մեխանիզմնե, կենսաապահովման պայմանները սահմանվում են կարիքահեն մոտեցմամբ՝ ավելացնելով դրանց մոնիթորինգի մեխանիզմները։Նախատեսվում է անվճար իրավաբանական ներկայացուցչություն ապաստանի հայցման բոլոր փուլերում։
Կապահովվեն նաև անձնական տվյալների պաշտպանության նոր նորմեր, կհստակեցվեն ապաստանի դիմումների ներկայացման, լսման և վավերացման ընթացակարգերը, կներդրվի ապաստանի հայցողների համար էլեկտրոնային գործիքներ՝ գործընթացները հեշտացնելու նպատակով, կարգելվի արտաքսումը առողջական խնդիրներ ունեցող անձանց և այլ խոցելի խմբերի համար, ներդրվում է կարճաժամկետ ճամփորդական փաստաթղթերի տրամադրման հնարավորություններ։
Օրենսդրական այս բարեփոխումները կբարելավեն փախստականների և ապաստան հայցողների պաշտպանության համակարգը՝ ներառելով հետևյալ փոփոխությունները. ավելի թափանցիկ ու կանխատեսելի ընթացակարգեր, ապահովված իրավունքների պաշտպանություն՝ համահունչ եվրոպական չափանիշներին, ապաստան հայցողների սոցիալական աջակցության արդարացի բաշխում, փախստականների իրավունքների հստակ երաշխիքներ։