ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն հունվարի 24-ին ընդունել է «Ակցիա սովի դեմ» միջազգային կազմակերպության Հարավ-կովկասյան տարածաշրջանի ղեկավար Մարսելա Մաքսֆիլդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև «Ակցիա սովի դեմ» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգորի Հովհաննիսյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում, մասնավորապես՝ ՀՀ մարզերում պետական բյուջեի ֆինանսավորմամբ գործող և բացվելիք երիտասարդական կենտրոնների գործունեության հետ կապված համագործակցության հարցեր։
««Ակցիա սովի դեմ» կազմակերպության Հարավ-կովկասյան տարածաշրջանի ղեկավար Մարսելա Մաքսֆիլդը ներկայացրել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների, ինչպես նաև համայնքի խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական ներառման և զբաղվածության խթանման աջակցությանն ուղղված» 10-ամսյա փորձնական ծրագիրը, որի շրջանակում պատրաստակամություն է հայտնել համագործակցել ՀՀ Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան համայնքներում պետբյուջեի միջոցներով հիմնադրված երիտասարդական կենտրոնների հետ։ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ և ուղղված է նաև համայնքների երիտասարդների կարողությունների և հմտությունների զարգացմանը՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը և խթանելով վերջիններիս սոցիալ-տնտեսական ներգրավվածությունը համայնքում։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ծրագրի իրականացումը՝ կարևորելով ծրագրում տարբեր սոցիալական խմբերի երիտասարդների ներգրավումը և նրանց կարողությունների զարգացումը։
Նախարարի տեղակալը նշել է՝ ՀՀ կառավարության թիրախներից է մինչև 2026 թվականը մարզերում ունենալ 25 երիտասարդական կենտրոններ, որոնք կհանդիսանան երիտասարդների ներուժի բացահայտման ու զարգացման, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման միջավայրեր, ակտիվ քաղաքացիության և տեղեկատվության տարածման հարթակներ»«- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ «Ակցիա սովի դեմ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգորի Հովհաննիսյանը տեղեկացրել է՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ մարզերում բնակվող քաղաքացիների, ինչպես նաև համայնքի խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական ներառման և զբաղվածության խթանման աջակցությանն ուղղված փորձնական ծրագրի շրջանակում իրականացվելու են դասընթացներ՝ կիրառելով կազմակերպության «SHUTTLE» մեթոդաբանությունը, որն ամբողջությամբ տեղայնացված է հայաստանյան համատեքստին։ Կազմակերպության Հարավ-կովկասյան տարածաշրջանի ղեկավար Մարսելա Մաքսֆիլդը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեղեկացրել՝ 1994 թվականից կազմակերպությունը Հայաստանում իրականացրել է տարաբնույթ ծրագրեր՝ կենսապահովման, գյուղատնտեսության, զբաղվածության, ինչպես նաև կրթական հաստատություններում առողջ ապրելակերպի և սննդակարգի խրախուսման, սննդի անվտանգության ապահովման ուղղությամբ: Նա նշել է, որ պատրաստ է ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցել հանրակրթության, միջին մասնագիտական կրթության և լրացուցիչ ու շարունակական կրթության զարգացման շրջանակում՝ ընդգծելով, որ կառույցը հումանիտար աջակցության ծրագրերի կողքին կարևորում է զարգացման ծրագրերը և ունի համանման ոլորտներում մեծ փորձ ԵՄ Արևելյան գործընկերության այլ երկրներում, մասնավորապես՝ Վրաստանում և Մոլդովայում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության վերաբերող այլ հարցեր։