Շուտով եթեր կարձակվի ՀՀ ՆԳՆ «Կիբեռմարտահրավեր» հաղորդաշարի առաջին թողարկումը
2 րոպեի ընթերցում
Ներքին գործերի նախարարությունը սկսում է «Կիբեռմարտահրավեր» հաղորդաշարը, որի շրջանակում ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը կխոսի կիբեռանվտանգության ոլորտի մարտահրավերների և թվային աշխարհում անվտանգ լինելու կանոնների մասին, կներկայացնի տեխնոլոգիական նվաճումների ժամանակաշրջանում զգոն մնալու կարևորությունը և թվային գրագետ վարքագծի կանոնները։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
««Կիբեռմարտահրավերի» առաջին թողարկումը՝ շուտով։
Հաղորդաշարի բանախոսը ոլորտի պրոֆեսիոնալ է, ներկայումս զբաղեցնում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետի պաշտոնը, ունի որակյալ փորձառություն այս դաշտում. նրա ներգրավվածությամբ ՀՀ-ում գործունեություն ծավալող ներդրումային խարդախություններով զբաղվող խոշոր խմբավորումներ են հայտնաբերվել, վնասաբեր ծրագրերով հափշտակությունների մեղադրանքով հատուկ օպերացիայի շրջանակում անձինք են բացահայտվել, ինչի համար էլ Գերմանիայի Դաշնային ոստիկանությունն ու Եվրոպոլը ՆԳ նախարարությանը հատուկ շնորհակալություն են հայտնել։
Հայկ Մկրտչյանը զուգահեռաբար համագործակցում է ՄԱԿ֊ի համաշխարհային առողջապահական կազմակերպության հետ՝ որպես կիբեռանվտանգության գծով խորհրդատու, սովորել է Դուբլինում, հեղինակել թեմատիկ աշխատություն, մի շարք այլ նշանակալի բացահայտումների հեղինակ է։
Հաղորդաշարը բոլորի համար է՝ հանրամատչելի, բայցև լի կենսական խորհուրդներով՝ օնլայն տիրույթում անվտանգ մնալու ձևերի և հնարավորությունների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։