Տնտեսություն

Պետական գույքի կառավարման կոմիտեն օտարման ենթակա պետական գույքը կներկայացնի ներդրումային փաթեթների միջոցով

4 րոպեի ընթերցում

Պետական գույքի կառավարման կոմիտեն օտարման ենթակա պետական գույքը կներկայացնի ներդրումային փաթեթների միջոցով

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեն և «Դիգնիսի» ՍՊԸ-ի կողմից իրականացվող PROSPECT24 նախագիծը hունվարի 24-ին ստորագրել են համագործակցության հուշագիր՝ օտարման ենթակա պետական գույքի ներդրումային փաթեթների կազմման նպատակով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Պետական գույքի կառավարման կոմիտեից։

«PROSPECT24 նախագիծը, որը կիրականացվի «Դիգնիսի» ՍՊԸ-ի, «Բի-Էս-Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի և «Khachaturian Architects» ստուդիայի համատեղ ջանքերով, ընտրվել է երկփուլ մրցութային գործընթացի արդյունքում՝ համապատասխանելով ծրագրի պահանջներին և չափանիշներին:

PROSPECT24-ի և Կոմիտեի միջև համագործակցության արդյունքում օտարման ներկայացվող անշարժ գույքերի վերաբերյալ կիրականացվեն մանրամասն քաղաքաշինական և ֆինանսատնտեսական վերլուծություններ՝ նորագույն գործիքների կիրառմամբ: Արդյունքում, մինչև գույքի օտարման մրցույթի հայտարարումը, կկազմվի գույքի վերաբերյալ ներդրումային փաթեթ, որը պետք է ներառի դրա հնարավոր լավագույն օգտագործման տարբերակները, քաղաքաշինական, կոմունիկացիոն և իրավական սահմանափակումները, ինչպես նաև՝ ըստ գույքի գտնվելու վայրի, տվյալ ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ համայնքի նախնական թույլտվությունները:

Գույքի օտարման նման փաթեթային մոտեցումը հնարավորություն կտա պոտենցիալ գնորդներին նախապես տեղեկանալու դրա ներդրումային հնարավորություններին, իսկ ձեռքբերումից հետո էականորեն կկրճատի նախագծի իրականացման համար բյուրոկրատական քաշքշուկներն ու անհրաժեշտ թույլտվությունների ստացման համար ծախսվող ժամանակն ու ռեսուրսները:

Փաթեթը ներառելու է՝ 

·         Անշարժ գույքի տվյալներ՝ մակերես, գտնվելու վայր, նպատակային նշանակություն, 

·         Զարգացման տեսլական՝ համաձայն համայնքի գլխավոր հատակագծի, 

·         Ենթակառուցվածքների մասին տեղեկատվություն՝ ճանապարհներ, էլեկտրաէներգիա, գազ, ջուր, կապ,

·         Վերլուծություններ՝ շուկայի միտումներ, ֆինանսական հոսքեր, կառուցապատման առաջարկներ,

·         Նախագծում և պլանավորում՝ էսքիզներ, մարքեթինգային և ֆինանսական պլաններ,

·         Համայնքի և պետական մարմինների նախնական թույլտվություններ ծրագրի իրագործման համար,

·         Ռիսկերի կառավարում՝ ռիսկերի գնահատում և նվազեցման քայլեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ըստ աղբյուրի՝ Կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը նշել է, որ հուշագրի ստորագրումը կարևոր հանգրվան է ներդրումային միջավայրի բարելավման աշխատանքներում, և հաջող համագործակցությունը կարող է էականորեն մեծացնել ՀՀ տնտեսության մեջ ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալը: 

«Դիգնիսի» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Ալեքսանյանն իր խոսքում կարևորել է Կոմիտեի այս նախաձեռնությունը՝ նշելով, որ պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը մեծ ներուժ ունի. «Վստահ ենք, որ այս համագործակցությունը կստեղծի նոր հնարավորություններ և կնպաստի երկկողմ հաջողություններին»,- ընդգծել է Ալեքսանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում