Սպորտ

Հակոբ Սերոբյանը գոհ չէ Հայաստանի մարմնամարզության առաջնության մասնակիցների ցույց տված արդյունքներից

2 րոպեի ընթերցում

Հակոբ Սերոբյանը գոհ չէ Հայաստանի մարմնամարզության առաջնության մասնակիցների ցույց տված արդյունքներից

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը դժգոհ է ներքին առաջնության արդյունքներից և մասնակիցների ցուցադրած որակից:

«Ես գոհ չեմ մարզիկների ցուցադրած որակից, քանի որ նրանք պետք է առավել լավ հանդես գային: Գուցե, խնդիրը նրանում էր, որ ուսումնամարզական հավաքի անմիջապես հետո եկանք և մասնակցեցինք առաջնությանը, և գործիքների փոփոխությունը զգացնել տվեց: Լավ երիտասարդներ ունենք, և այժմ էլ ուրվագծվում է, թե ովքեր պետք է մասնակցեն Եվրոպայի երիտասարդների առաջնությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Սերոբյանը: Վերջինս շեշտեց, որ երիտասարդների մասնակցությունը գոհացուցիչ էր, սակայն մեծահասակներից առավել մեծ սպասելիքներ կային:

«Մենք ուժեղ մասնակցություն կարող ենք ունենալ Եվրոպայի առաջնությունում, հատկապես նժույգ-թափերում»,-ասաց նա:

Հավաքականի համար առանձնակի կարևոր է օգոստոսին նախանշված Եվրոպայի առաջնությունը, որտեղ, գուցե, թիմը կմասնակցի նաև թիմային պայքարին:

Սերոբյանը, խոսելով նաև հաջորդ օլիմպիական ցիկլի մասին, առանձնացրեց, որ բացի Արթուր Դավթյանից հաջորդ խաղերին մասնակցելու հնարավորություն ունեն նաև Վահագն Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը և Արթուր Ավետիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում