Դատարանը կարճել է կարգալույծ հռչակված երկու քահանաների հայցերով գործերի վարույթները
2 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է Արագածոտնի թեմի կարգալույծ հռչակված քահանաներ Տեր Արամի և Տեր Թադեի հայցերով հարուցված քաղաքացիական գործերի վարույթները։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ գործերը քննվել են դատավորներ Սիմա Աբովյանի և Հովհաննես Մելքոնյանի նախագահությամբ։
Նախկին քահանաները պահանջել էին անվավեր ճանաչել իրենց կարգալույծ հռչակելու վերաբերյալ Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական տնօրինությունները և վերականգնել համապատասխանաբար Սուրբ Հովհաննավանքի և Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվների պաշտոններում։
«Երկու գործերով էլ դատարաններն ընդունել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավական դիրքորոշումը՝ հոգևորականին կարգալույծ հռչակելու հարաբերությունները կարգավորվում են Եկեղեցու ներքին՝ կանոնական իրավունքով և ենթակա չեն քաղաքացիական դատավարության կարգով քննության։
Դատարանները հաստատել են նաև, որ հոգևոր ծառայությունը չի կարող ինքնաբերաբար նույնացվել աշխատանքային հարաբերությունների հետ, իսկ Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից»,– գրել է Զոհրաբյանը։
Նրա տեղեկացմամբ՝ երկու որոշումներով էլ նախատեսվել է նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցների վերացումը։ Դրանցով Մայր Աթոռը պարտավորեցվել էր ապահովել քահանաների պաշտոնավարումը։