Սպորտ

Մերդինյանը կարող էր լինել բրոնզե մեդալակիր. Հակոբ Սերոբյան

2 րոպեի ընթերցում

Մերդինյանը կարող էր լինել բրոնզե մեդալակիր. Հակոբ Սերոբյան

ԱՆՏՎԵՐՊԵՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի կարծիքով Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանն արժանի էր աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալի:

«Եթե անկեղծ խոսեմ, ապա մենք մեդալի հույս չունեինք էլ, քանի որ շատ բարդ աշխարհի առաջնություն է հենց նժույգ-թափերի և օղակների վարժությունում: Ես մեր տղաներից գոհ եմ, նրանք շատ լավ կատարեցին իրենց վարժությունները: Սակայն, իմ կարծիքով, Մերդինյանը կարող էր լինել 3-րդ տեղում: Սա ասում եմ որպես մրցավար: Ապրի Հարություն Մերդինյանը, քանի որ 39 տարեկանում կարողանում է կատարել այս ամենը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Մասնագետի խոսքով` օղակների վարժությունը կատարող մարզիկները` Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը, պետք է սկսեն առավել բարդ տարրեր ավելացնել իրենց վարժություններին` առավել մրցունակ լինելու համար:

«Արթուրը լավ է կատարում իր վարժությունը, սակայն վերջնամասում ուժերը չեն բավարարում: Պետք է ուժեղանանք: Հիմա պետք է շատ աշխատենք»,-շեշտեց նա:

Աշխարհի առաջնության առանձին վարժությունների եզրափակիչ էին դուրս եկել Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը: Նժույգ-թափերի վարժությունում Մերդինյանը 4-րդն է, օղակների վարժությունում՝ Ավետիսյանը՝ 7-րդը, Դավթյանը` 4-րդը:

Առանձին գործիքների եզրափակիչ է դուրս եկել նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը: Վերջինիս հենացատկի վարժության եզրափակիչը կկայանա հոկտեմբերի 8-ին:

Արթուր Դավթյանն արդեն իսկ նվաճել է Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերի ուղեգիր: Այս խաղերը 4-րդն են նրա կարիերայի ընթացքում:

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում