3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհ.Թումանյանի թանգարանում՝ Ամենայն հայոց բանստեղծի կյանքի հավատարիմ ընկերոջ, նրա ընտանիքի պահապան տիկին Օլգա Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդեսին ներկայացվեցին բացառիկ նմուշներ և «Մայրիկը. Օլգա Թումանյան» նոր գիրքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրվեց փոքրիկ ֆիլմ, որը ամփոփ ներկայացրեց Օլգա Թումայանի կյանքը: Հյուրերը բացառիկ հնարավորություն ունեցան վայելելու քաղցրավենիքներ, անուշեղեն ու յուրահատուկ մուրաբաների տեսականի պատրաստված հենց Օլգա Թումանյանի բաղադրատոմսերով, ինչպես նաև իրենց հետ վերցնելու այդ բաղադրատոմսերը:
Թանգարանում նաև վերստեղծել էին տիկին Թումանյանի սենյակը, որտեղ ներկայացված էին անձնական իրերը՝ զարդեր, հագուստ, գրքեր, նամակներ ինչպես նաև անձնական բաղադրատոմսեր:
Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը նշեց, որ փորձել են տիկին Օլգայի երկար ու դժվար, բայց նաև, ամուր ու ուժեղ տեսակի կյանքը ներկայացնել փոքրիկ ֆիլմում և հրատարակված գրքում։ «Այս հատորում մենք փորձեցինք ընդհանրացնել և մեկտեղել այն ամբողջ արխիվը, որը այս պահին մեր ձեռքի տակ էր և Թումանյանի թոռնուհու՝ Սեդայի դստեր փոխանցած եզակի նմուշները, որոնց մի մասը առաջին անգամ էին հրապարակվում: Մենք փորձում ենք հնարավորինս հանգամանալից հրատարակություն ստեղծել, որը այդուհանդերձ դառնալու է սկզբնաղբյուր՝ ընտանիքի անդամներից որևիցե մեկի մասին նյութ փնտրելիս»,- ասաց Անի Եղիազարյանը
Տնօրենի խոսքով, հոբելյանական տարին լավագույն առիթն էր մանրակրկիտ ուսումնասիրելու Հովհ.Թումանյանի տիկնոջ՝ Օլգա Թումանյանի արխիվը, կազմելու և հրատարակելու մեկ ամբողջական հատոր։ Գրքում ի մի է բերված արխիվային այն ժառանգությունը, որն ընտանիքի կողմից փոխանցվել է Հովհ.Թումանյանի թանգարանին։ Ներկայացված են Թումանյանների ընտանեկան կյանքից՝ մինչև օրս չհրապարակված բացառիկ դրվագներ, հուշեր, կենսագրական գրառումներ, լուսանկարներ,ամուսնու՝ Հովհաննես Թումանյանի, ընտանիքի միյուս անդամների և այլոց հետ Օլգա Թումանյանի ունեցած փոխադարձ նամակագրությունը: Գրքում նաև ամբողջական կամ հատվածաբար զետեղված են թոռնուհիների հուշագրությունը Օլգա տատիկի մասին:
«Մայրիկը. Օլգա Թումանյան» գիրքը տպագրվել է ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և Հովհաննես Թումանյանի թանգարանի գիտական խորհուրդների որոշմամբ: Գիրքը կազմել են Սուսաննա Ադամյանը և Անահիտ Նալբանդյանը: