Մշակույթ

Երևանյան բեմն ասես գրկում է քեզ. Յակոբսոնի անվան բալետի թատրոնը եռօրյա հյուրախաղերով Հայաստանում է

9 րոպեի ընթերցում

Երևանյան բեմն ասես գրկում է քեզ. Յակոբսոնի անվան բալետի թատրոնը եռօրյա հյուրախաղերով Հայաստանում է

Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան պետական ակադեմիական բալետի թատրոնը եռօրյա հյուրախաղերով Հայաստանում է։ Թատերախումբը, որն արդեն մտերմացել է Հայաստանի հանդիսատեսի հետ, հունիսի 19-ից 21-ը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայանա Պյոտր Չայկովսկու անմահ «Քնած գեղեցկուհին» բալետով՝ Շառլ Պերոյի հայտնի հեքիաթի շքեղ խորեոգրաֆիական մեկնաբանությամբ։

Ներկայացումը համատեղում է դասական բալետի նրբագեղությունը, վառ բեմական ձևավորումները և խոր փիլիսոփայական ենթաշերտը՝ ստեղծելով իսկական տոն արվեստասերների համար։

«Արմենպրես»-ը ներկա է եղել երևանյան փորձին, զրուցել արտիստների, հյուրընկալող կողմի ներկայացուցիչների հետ։

Նուրիա Կարտամիսովան, որը մարմնավորում է քնած գեղեցկուհուն՝ արքայադուստր Ավրորային, խոստովանում է՝ չնայած արդեն չորրորդ անգամ են Հայաստանում, սակայն միշտ ոգևորությամբ են վերադառնում, քանի որ հանդիսատեսը շատ ջերմ է ընդունում թատերախմբին։

Նրբագեղ պարուհին երրորդ անգամ է բեմում որպես Ավրորա։  Ինչպես ինքն է ասում` լարվում է և շատ է ցանկանում լիարժեք ներկայացնել իր կերպարը, ցույց տալ գեղեցիկ պատմությունը։ «Ինձ համար սա դեռ չհաղթահարված բարձունք է և դեռ պետք  է կարողանալ հասնել գագաթին և հաջող վայրէջք կատարել։ Ավրորան երիտասարդ, հրաշալի աղջնակ է, որը շատ հետաքրքրասեր է, վառ, զվարթ էություն ունի, բայց  երեխա է։ Ծնողներս կարծում են, որ այս կերպարն ու ես շատ համահունչ ենք,  իմ և արքայադստեր զգացողությունները հաճախ համընկնում են»,-նշում է պարուհին։

Կարտամիսովայի համար բալետային արվեստը կերպարանափոխվելու լավագույն միջոցն է և հնարավորություն է տալիս ինքնադրսևորվել կյանքի տարբեր իրավիճակներում, լինել մեղմ, հանդարտ, ճակատագրական,  չար, վայրի։ «Ավրորան ասես փոքրիկ աղջնակ լինի, որը հավատում է այն հեքիաթին, որ կհանդիպի  սպիտակ երիվարով ասպետին։ Այս պատմությունը երազանքներին հավատալու մասին է»,-ընդգծում է Նուրիան։

Ներկայացման մեջ արքայազն Դեզիրին մարմնավորում է Յակոբսոնի անվան թատրոնի առաջատար մենապարող Անդրեյ Սորոկինը։ Ըստ նրա՝ դասական բալետներում բոլոր արքայազները նման են. նրանք ազնիվ են, մեծահոգի։ «Դեզիրը հոգով  ռազմիկ է, սակայն ակնհայտ է, որ նրան ձանձրացրել են աշխարհիկ խաղերը, նա սեր է փնտրում և հենց այդ շրջանում սիրահարվում է Ավրորային։ Հասարակությունում, որի անդամները կեղծում են, խաղ խաղում, Դեզիրն այն քչերից է, որն ունի մաքուր հոգի և իրական զգացմունք է փնտրում»,-պատմում է Սորոկինը։

Չայկովսկու հանրահայտ բալետը Յակոբսոնի անվան թատրոնում նոր մեկնաբանությամբ է բեմադրել ֆրանսիացի պարող, մանկավարժ Ժան-Գիյոմ Բարը։  Ըստ Սորոկինի՝ նա ֆանտաստիկ  պարող է եղել, հրաշալի  մանկավարժ, որը նաև վարպետության դասեր է անցկացրել Սանկտ Պետերբուրգի թատրոնում։ «Նա, բեմանկարիչները, զգեստների նկարիչները գեղեցիկ ներկայացում են ստեղծել։ Սա բալետ է, որը նաև պահպանում է ռուսական բալետի ավանդույթները, բալետ է, որն անհրաժեշտ է պահպանել»,-նշում է արտիստն ու հավելում, որ բալետային արվեստը հրաշալի է  նրանով, որ թույլ է տալիս լինել երջանիկ արքայազն, դժբախտ հերոս։

Ըստ նրա՝ պարողի ֆիզիկական վիճակը պետք է համահունչ լինի էմոցիոնալ  վիճակի հետ։ Այդ պարագայում ամեն բան հեշտ կստացվի։

Անդրադառնալով Երևանի օպերային թատրոնին և տեղի հանդիսատեսին՝ Սորոկինն ասում է, որ երրորդ անգամ է Հայաստանում։ «Այս թատրոնն անբացատրելի էներգետիկա ունի։ Այն ամենահաճելի և թեթև բեմերից մեկն ունի։ Ե՛վ «Քնած գեղեցկուհին», և՛ «Դոն Կիխոտ»-ը, որը ևս խաղացել ենք այստեղ, ծանր ներկայացումներ են, բայց Երևանի և Մոսկվայի մեծ թատրոնի բեմերը շատ թեթև են։ Սա շատ ընկերասեր  բեմ է, քեզ վերևից չի նայում, այն գրկում է քեզ, առաջնորդում է և միասին հրաշալի երեկո եք անցկացնում»,-նշում է արտիստը։

Փերի Սիրենի կերպարում Աննա Սկվորցովան է։  Ասում է՝ ի տարբերություն «Դոն Կիխոտ» ներկայացման, այդ բալետում ամեն բան պետք է շատ հստակ լինի։ «Եթե այլ ներկայացումներում երբեմն կարող ես թուլացած քայլել, հանգիստ շնչել, ապա այս պարագայում ոսկերչական աշխատանք պետք է անել, որպեսզի լավագույնս ընդգծվի դասական ռուսական բալետը, իսկ Չայկովսկու յուրաքանչյուր ստեղծագործություն կախարդական է»,-նշում է պարուհին։

Ամեն անգամ բեմ բարձրանալիս Աննան հիշում է բեմադրիչ Ժան-Գիյոմ Բարին։  Բարն այնքան իդեալական է ամեն շարժում ցույց տվել, որ պարողները չեն կարողացել թաքցնել իրենց հիացմունքը։ «Շատ եմ ցանկանում, որ մենք ևս կարողանանք հասնել կատարման այդ մաքրությանը»,-ընդգծում է Աննան։

«Քնած գեղեցկուհին» բալետը Սկվորցովայի ամենասիրելի ստեղծագործություններից է։ Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ փերի Սիրենը լուսավոր, բարի կերպար է։

«Սիրում եմ ճամփորդել, մեծ բավականություն եմ ստանում Հայաստան այցելելիս, որտեղ մեզ միշտ շատ ջերմ ընդունելության են արժանացնում։ Սանկտ Պետերբուրգում հանրությունն արդեն մեզ լավ է ճանաչում, շատ է դիտել մեր ներկայացումները, իսկ այլ երկրներում ամեն բան նոր է և այլ կերպ է ընկալվում»,-նշում է նա և Յակոբսոնի անվան թատրոնի հաջողության գրավական համարում համախմբվածությունն ու սերը։

Երևանի օպերային թատրոնի տնօրենի խորհրդական Ռոնա Ահարոնյանը շատ ուրախ է, որ իրենց հյուրընկալ տանիքի տակ հեղինակություն վայելող թատրոնի են ընդունում։

«Մեզ համար սրանք պարզապես հյուրախաղեր չեն, այլ մշակութային երկխոսության և միջազգային համագործակցության կարևոր դրսևորում։ Մեր թատրոնը մշտապես ձգտում է, որպեսզի հայ հանդիսատեսը հնարավորություն ունենա ծանոթանալու աշխարհի լավագույն բալետային և օպերային թատրոնների արվեստին, իսկ նման նախագծերը նպաստում են նաև մասնագիտական փորձի փոխանակմանն ու ստեղծագործական կապերի ամրապնդմանը։ Այս անգամ Երևանի հանդիսատեսը հնարավորություն ունի դիտելու Պյոտր Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» բալետը՝ մի ներկայացում, որը համարվում է դասական բալետի գլուխգործոցներից մեկը։ Այն առանձնանում է իր բարձր կատարողական մշակույթով, գեղեցիկ բեմադրությամբ և հարուստ գեղարվեստական լուծումներով»,-շեշտում է Ահարոնյանը։

Նա հատկանշական է համարում այն, որ Լեոնիդ Յակոբսոնի անվան թատրոնը վաղեմի կապեր ունի Հայաստանի հետ։ Այդ համագործակցության պատմության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Լեոնիդ Յակոբսոնի և Արամ Խաչատրյանի համատեղ ստեղծագործական աշխատանքը, որի արդյունքում ստեղծվել է «Սպարտակ» բալետը՝ համաշխարհային բալետային արվեստի ամենանշանավոր ստեղծագործություններից մեկը։

«Այս օրերին մենք արդեն հետևում ենք փորձերին և տեսնում ենք այն բարձր պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը, որով արտիստները պատրաստվում են հանդիպմանը հայ հանդիսատեսի հետ։  Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հրավիրել բոլոր արվեստասերներին այցելել Երևանի օպերային թատրոն և միասին վայելել այս բացառիկ հյուրախաղերը»,-եզրափակում է նա։

Լեոնիդ Յակոբսոնի անվան բալետի թատրոնի հյուրախաղերը Հայաստանի ազգային օպերայի բեմում դարձել են գեղեցիկ ավանդույթ։ Նախորդ տարի Երևանի հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունեց Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետը, իսկ այս տարի կրկին հնարավորություն կունենա վայելելու համաշխարհային բալետային արվեստի լավագույն նմուշներից մեկը։ Այս բացառիկ հյուրախաղերը հանդիսատեսին հնարավորություն կտան ևս մեկ անգամ հաղորդակցվելու բարձրարվեստ դասական բալետին և վայելելու միջազգային ճանաչում ունեցող թատերախմբի վարպետությունը՝ Երևանի գլխավոր մշակութային բեմում։

Հյուրախաղերը կազմակերպվում են «Մեծ հյուրախաղեր» ծրագրի շրջանակում, որը կյանքի է կոչվում Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության համառուսաստանյան հյուրախաղային և համերգային ծրագրի աջակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում