Մարդ, որը զգացել է ժողովրդի հոգին. «Կոմիտասը» տիկնիկային ներկայացումը նորովի կբացահայտի հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադրին
10 րոպեի ընթերցում

«Կոմիտասը» տիկնիկային ներկայացումը հանդիսատեսին հնարավորություն է տալիս ձայնի, գույնի, կախարդական երաժշտության մթնոլորտում ծանոթանալ մեծն Կոմիտասի կյանքի հետաքրքիր դրվագներին։ Թատերասերը, որը հենց բեմում է հետևում գործողություններին, տեսնում է, թե ինչպես է ծնվում կոմիտասյան երաժշտությունը, թե ինչպես է դրսևորվում կոմպոզիտորի հոգատարությունը մարդկանց, թռչունների հանդեպ։
Ներկայացումը, որը նախատեսված է մեծահասակների և տասներկու տարեկանից բարձր հանդիսականի համար, Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի խաղացանկում է։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշում է՝ ներկայացմամբ ցանկացել են Կոմիտասին ուրիշ տեսանկյունից ներկայացնել՝ ուրախ, զվարթ, այնպիսին, ինչպիսին նա իրականում եղել է, մարդ, որը զգացել է ժողովրդի հոգին։

«Երգերն ի վերջո ժողովրդի հոգին են, իսկ ժողովրդի հոգին ուրախ է, որովհետև կյանքն ուրախություն է, իսկ Կոմիտասը սիրել է այն։ Գուցե իր հետ տեղի ունեցած ողբերգության պատճառն այն էր, որ նա տեսավ 1915 թվականը, նա տեսավ մի ամբողջ ժողովրդի ջարդուփշուր եղած կյանքը, իսկ կյանք սիրող մարդը, կյանքով ապրող մարդը, կյանքը զգացող մարդը չէր կարող մարսել դա։ Բեմադրությունը ներկայացնում է մի պատմություն, որը շատ կյանքային է։ Կոմիտասին կաքավներ են բերում, որպեսզի նա փլավ պատրաստի։ Ինչպե՞ս է ծնվում երաժշտությունը։ Երաժշտությունը հաճախ ծնվում է շատ հասարակ, պարզ բաներից։ Ախմատովան էր կարծեմ ասել՝ ախ, եթե իմանայիք, թե ինչպիսի աղբից են ծնվում բանաստեղծությունները։ Հասարակ բաներից, պարզապես արվեստագետի՝ այս պարագայում Կոմիտասի առանձնահատկությունը նրանում է, որ նա կարողանում էր հասարակ բանի մեջ տեսնել ոչ հասարակը։ Այն, ինչի կողքով մենք անցնում և ուշադրություն չենք դարձնում, արվեստագետի համար դառնում է ստեղծագործելու նյութ»,-նշում է Բաբայանն ու հավելում՝ Կոմիտասին ներկայացնում են զարգացման մեջ. կաքավների երաժշտություն ստեղծելու ունակությունը բերում է նրան, որ Կոմիտասը նրանց ազատություն է տալիս, իսկ ազատությունը բնորոշ էր նաև Կոմիտասին։
Ըստ Բաբայանի՝ այդ մակարդակով ստեղծագործել կարող է միայն ազատ մարդը։ Նա, ով զգում է ազատությունը, կարող է ազատություն տալ նաև ուրիշներին։

Ազգային տիկնիկային թատրոնում տիկնիկային արվեստի բոլոր ձևերը կան՝ ստվերային թատրոն, խամաճիկների թատրոն, ձողիկավոր, հատակային, դիմակներ, մանեկեններ և այլն, իսկ «Կոմիտասը» ներկայացման մեջ շատ օրիգինալ տիկնիկներ են։
«Ձեռքի վրա հագցվող տիկնիկ կա, որի միջոցով դերասանը կարողանում է ղեկավարել ամբողջ տիկնիկը՝ և՛ գլուխը, և՛ մարմինը, և՛ ձեռքերը, և՛ ոտքերը, որովհետև տիկնիկը կախարդական բնույթ ունի։ Երբ տիկնիկը լավ է խաղում, նրան մեծ ուշադրությամբ ես հետևում։ Այդ կախարդանքը կա նաև Կոմիտասի երաժշտության մեջ։ Կարծես թե պարզ, հասարակ երգեր են, բայց այնքան խորություն կա այդ երգերում։ Մենք հաճախ խոսում ենք ազգայինի մասին, իսկ ազգայինն առաջին հերթին որակն է։ Կոմիտասը տալիս էր այդ որակը։ Նրա ամենամեծ գործն այն էր, որ նա մաքրեց մեր հայկական երգերը, տեսավ իրական ազգային արժեքը։ Մենք գիտենք, որ Կոմիտասը մեծ աշխատանք է կատարել նաև քրդական, թուրքական, հունական, ասորական երգերը մաքրելու գործում, և նա մեծ հաճույք էր ստանում, երբ գտնում էր երգերի սկզբնաղբյուրները։ Կարծում եմ՝ իսկական արվեստագետը նաև հետազոտող է, իսկ Կոմիտասը նաև հետազոտող էր՝ իր ձևով, իր լեզվով»,-ընդգծում է Բաբայանը։

Ներկայացման ընթացքում հանդիսատեսը տեսնում է, թե ինչպես են դերասաններն աշխատում տիկնիկների հետ, ինչպես են ստեղծում ձայները, որոնք հնչում են, ներկաների առաջ բացում են թատրոնի գաղտնիքները։
Այդ կերպ ցանկանում են ասել, որ կյանքը լի է ձայներով, և այդ ձայները պետք է կարողանալ լսել, չէ՞ որ ամեն ինչ ծնվում է, առավել ևս երաժշտությունը, ձայներից։
«Կոմիտասի հանճարը նրանում է, որ նա կարողանում էր այդ ձայներից դուրս բերել ամենամաքուրը՝ մեղեդին։ Մենք փորձեցինք դա ներկայացնել՝ սկսած ամենահասարակ բանից՝ դռան ճռճռոց, ոտնաքայլեր... Ամեն ինչի մեջ գեղեցիկը տեսնելու ունակությունը ևս բնորոշ է արվեստագետին։ Մենք գնում ենք Սերգեյ Փարաջանովի թանգարան, նայում ենք նրա կոլաժներն ու ասում. «Ա՛յ մարդ, բայց այս մարդն աղբից է շատ բան սարքել» Կոտրած ապակի, տիկնիկներ և այլ բաներ հավաքելով՝ արվեստի գործ է ստեղծել»։ Այն, ինչն ուրիշն ընկալում է որպես աղբ, արվեստագետն ընկալում է որպես արվեստի գործ։ Այն ձայները, որոնք մեր շուրջն են, Կոմիտասի համար երաժշտություն են, մեղեդի, հարմոնիա»,-ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը։
Ներկայացման առանցքային դերակատարներից է երաժշտությունը։ Կոմիտասյան մեղեդիները փայլուն ներկայացնում, երգերը հենց բեմում կատարում է երաժիշտ Սևադա Համբարչյանը՝ առավել տպավորիչ դարձնելով թե՛ նյութը, թե՛ արտահայտչամիջոցները։

Փորձել են ներկայացնել և՛ վիզուալ պատկերը, և՛ ձայնայինը։ «Լավ երաժշտության մասին խոսելիս երբեմն ասում ենք, որ այն մեր երևակայության մեջ պատկերներ է ստեղծում։ Նույնն ասում ենք նաև գեղանկարչության մասին։ Ասում ենք, որ այն այնքան լավն է, ասես լսում ենք։ Արվեստի տարբեր ճյուղերը շատ կապված են, և թատերական արվեստը համադրում է բոլոր արվեստները»,-շեշտում է Բաբայանը։
Ներկայացումը բեմադրելիս մտածել են այն արտերկրում ցուցադրելու մասին։ Արդեն հետաքրքրություն կա։ Բաբայանը կարծում է՝ բեմադրությունը մեծ հաջողություն կունենա։ Նրան հետաքրքիր է, թե այն ինչ ազդեցություն կթողնի օտարազգիների վրա, թե ինչպես կընկալվի։
Բաբայանը հիշում է Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» ստեղծագործության համանուն ներկայացումը, որը շատ վաղուց է թատրոնի խաղացանկում։ Այդ բեմադրության մեջ ևս կենդանի կատարմամբ հայկական երգեր են հնչում։ Այն խաղացել են աշխարհի 15 երկրում։ Բաբայանն ընդգծում է՝ Թումանյանն այնքան հանճարեղ է, որ յուրաքանչյուր երկրում ներկայացումը դիտելիս հանդիսատեսը նշում է, որ այն իր մասին է։ Շատ տարիներ առաջ Հայաստանում ներկայացումը դիտելուց հետո գերմանացի հյուրերը Ռուբեն Բաբայանին հարցրել են, թե երբ է Թումանյանն այն գրել։ Հետո նշել են՝ ստացվում է՝ Թումանյանն է աբսուրդի գրականության հիմնադիրը։

«Հավանաբար բոլոր ժողովուրդներին է բնորոշ անցնել երջանկության կողքով և ուշադրություն չդարձնել նրան, իսկ հետո գլխին խփել։ Սեփական արժեքները, արվեստն աշխարհին ներկայացնելու լավագույն ձևը թատրոնն է, և «Կոմիտասը» բեմադրությամբ կծանոթացնենք Կոմիտասին, նրա երաժշտությանը»,-ասում է թատրոնի ղեկավարը։
«Կոմիտասը» տիկնիկային ներկայացման ռեժիսորը Մարիետա Դովլաթբեկյանն է, նկարիչը՝ Մուշեղ Բաբայանը։ Ներկայացման մեջ զբաղված են ոչ միայն թատրոնի դերասանները, այլև Ռուբեն Բաբայանի ուսանողները, որոնք նաև գեղեցիկ ձայներ ունեն։
Ըստ Բաբայանի՝ երկիրը պետք է սիրել այն ճանաչելով, հողը ճանաչելով։ Նախորդ տարի իր ուսանողներին տարել է Հյուսիսային Հայաստան։ Եղել են Օձունում, Սանահինում, Հաղպատում, Ախթալայում։ Հաղպատում ուսանողները նաև երգել են ու տպավորել և՛ տեղացիներին, և՛ զբոսաշրջիկներին։ Այս տարի նախատեսում են գնալ Հարավային Հայաստան՝ Մեղրի, Կապան։

«Ուսանողների, երիտասարդների հետ շփվելով՝ սովորում ես։ Եթե մի պահ կանգ առնես, դադարես սովորել, անհետաքրքիր կդառնաս։ Երկկողմանի ճանապարհ է։ Ինչ-որ բան տալիս ես, ինչ-որ բան ստանում ես։ Նույնիսկ չգիտեմ, թե ով ում պետք է ավելի շնորհակալ լինի»,-ասում է Բաբայանն ու կարևորում այն, որ ռեժիսորը պետք է բացահայտի դերասանին, նրան հնարավորություն տա ցույց տալ սեփական էությունը, որն անկրկնելի է։
Բաբայանը հիշեցնում է, որ Ստանիսլավսկին այդ էությունն արթնացնում է հոգեբանական թատրոնի միջոցով, Մեյերխոլդը դիմում է ֆիզիկական շարժմանը, մեկ այլ թատերական գործիչ դիմում է էպիկական թատրոնին և այլն, սակայն վերջնանպատակն այն է, որ դերասանն արթնանա, ներկայանա իր յուրահատուկ էությամբ, հակառակ դեպքում սկսում է կրկնել ուրիշին։
«Եթե դերասանը զարթնեց, ներկայացումը դիտում ես։ Ի տարբերություն կինոյի՝ թատրոնում առաջին դեմքը դերասանն է։ Ստանիսլավսկին ասում էր, որ ռեժիսորը պետք է «մեռնի» դերասանի մեջ։ Դա շատ ճիշտ է։ Եթե ռեժիսորն իրեն դնում է առաջին պլանում, հետաքրքիր չէ։ Կինոյում կարող ես դերասանի ոչ պրոֆեսիոնալ լինելն ինչ-որ կերպ փակել։ Պազոլինին փողոցից հետաքրքիր դեմքերի էր գտնում ու նկարահանում նրանց։ Դերասանի աչքերն արտահայտիչ չե՞ն, կարող ես ամպեր ցույց տալ, այլ դերակատարի ցույց տալ այդ պահին և կհասնես նպատակիդ, կստանաս էմոցիոնալ ազդեցություն։ Թատրոնում դերասանից բացի ի՞նչ պետք է ցույց տաս»,-եզրափակում է Ռուբեն Բաբայանը։
