Մշակույթ

Ճապոնական յակիշիմե կերամիկայի ավանդույթը՝ Երևանում. Հայաստանի պատմության թանգարանում յուրահատուկ ցուցահանդես բացվեց

4 րոպեի ընթերցում

Ճապոնական յակիշիմե կերամիկայի ավանդույթը՝ Երևանում. Հայաստանի պատմության թանգարանում յուրահատուկ ցուցահանդես բացվեց

«Յակիշիմե. երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ, ժամանակավոր ցուցահանդեսը ներկայացնում է Ճապոնիայում ձևավորված յակիշիմե կերամիկայի ավանդույթի պատմությունը՝ դրա սկզբնավորումից մինչև մեր օրերը ստեղծված աշխատանքների միջոցով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն թեյի պարագաների, սեղանի սպասքի և ժամանակակից կերամիկական առարկաների միջոցով ծանոթացնում է ճապոնական գեղագիտությանը, ինչպես նաև դրանց հետ կապված մշակութային միջավայրին և ավանդույթներին։

Ցուցահանդեսի բացմանը, որը տեղի ունեցավ հունիսի 19-ին Հայաստանի պատմության թանգարանում, թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ասաց, որ ցուցադրության շրջանակում առաջին անգամ Հայաստան են բերվել ավելի քան 60 ճապոնական ավանդական տեխնիկայով պատրաստված կերամիկայի նմուշներ: 

«Յակիշիմեն ենթադրում է կավի, կերամիկայի ստեղծման ավանդական եղանակ, որի առանցքում է բարձր ջերմաստիճանի ներքո կերամիկայի թրծումն առանց մակերեսապատումների: Այդ տեխնիկան մեզ է հասել միջնադարից»,-ասաց նա և հավելեց՝ ցուցադրության շրջանակում այցելուները կարող են տեղեկանալ, թե ինչպես է ծնվել յակիշիմեն, ծանոթանալ ավանդական կիրառության տեխնիկային, ընկալել այն որպես արվեստի գործունեության ձև, քանի որ այդ տեխնոլոգիայով ներշնչված՝ ոչ միայն շարունակում են ստեղծել նմանատիպ առարկաներ, այլև դրա հիմքով ստեղծում են ժամանակակից դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն էլ խոստովանեց, որ ճապոնական մշակույթի մեծ երկրպագու է: Նրան շատ է ուրախացնում այն հանգամանքը, որ վերջին շրջանում Հայաստանում ճապոնական մշակույթին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում: Ըստ Քոչարյանի՝ դա խոսում է այն մասին, որ Հայաստանում ճապոնական մշակույթը պահանջարակ ունի: «Այս պահն օգտագործելով՝ մենք պետք է խրախուսենք մեր թանգարաններին, գործընկերներին ավելի շատ միջոցառումներ կազմակեպվել: Կարծում եմ՝ հայկական մշակույթն էլ կարող է հետաքրքրել ճապոնացի հանրությանը»,-ընդգծեց փոխնախարարը:

Հայաստանում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտակայի խոսքով՝ ցուցադրությունն աշխարհի տարբեր երկրներում մեծ հաջողություններ է ունեցել, ուստի որոշել են այն նաև Հայաստանում ներկայացնել: «Յակիշիմե խեցեգործությունը սկիզբ է առել հեիան ժամանակաշրջանի վերջում՝ մոտավորապես 12-րդ դարում: Յակիշիմեն ճապոներենից թարգմանաբար նշանակում է թրծված և կարծրացած, քանի որ թրծման ընթացքում կավը դառնում է ավելի խիտ, ամուր միաձուլված: Մենք ուրախ ենք Հայաստանում տեսնել խեցեղեն, որը մոտ 900 տարվա պատմություն ունի: Խեցեղենը պարզապես առօրյա օգտագործման առարկա չէ, և այս ցուցադրությունը պատմում է սերնդեսերունդ փոխանցված ավանդույթի մասին: Նույն տեխնիկաները կիրառվում են այսօր՝ պատրաստելու այն ափսեները, ամաններն ու ծաղկամանները, որոնք օգտագործվում են մեր օրերում»,-տեղեկացրեց դեսպանը:

Ցուցադրությանը ներկաները հնարավորություն ունեցան ունկնդրել ճապոնական «Ծովափի երգ»-ը, որը կատարեցին Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի դասախոս, դաշնակահար Աննա Ալեքսանյանն ու վոկալիստ Կարինա Գևորգյանը:

Ցուցահանդեսը, որը կգործի մինչև հուլիսի 10-ը, կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և Ճապոնիայի դեսպանության համագործակցությամբ։

Այն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև «Ճապոնիա» հիմնադրամի աջակցությամբ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում