Մշակույթ

Թատրոն՝ հայի մասին. «Մեր կարմիր, կանաչ տունը» ներկայացումն արդեն ՀանդArt-ի խաղացանկում է

7 րոպեի ընթերցում

Թատրոն՝ հայի մասին. «Մեր կարմիր, կանաչ տունը» ներկայացումն արդեն ՀանդArt-ի խաղացանկում է

Հայաստանի գեղեցիկ գյուղերից մեկում ապրում են Արամյանց ամուսինները, արվեստագետներ, որոնց կարմիր, կանաչ տունն աչքի է ընկնում խնամված ծաղիկներով, պատերից կախված կտավներով, կոկիկ կահավորմամբ և ընդարձակ բակով, որի բնակիչն Արամյանցի շունն է՝ Արջուկը։

Զավակների ուսման հարցերը լուծելու, մշտապես օտարներին աջակցելու հանգամանքը բերում է նրան, որ միմյանց նվիրված ամուսինները կանգնում են իրենց ստեղծած տունը կորցնելու մեծ վտանգի առաջ։ Ի հայտ են գալիս հայրեր և որդիներ հակասությունները, արտահայտվում են տարիներ շարունակ հոգու խորքում թաքցրած զգացմունքները, ծնողների հայրենասիրական դրսևորումները, զավակների ազատության տենչն ու սերը միմյանց նկատմամբ։

Այս մասին է պատմում Բյուրականի ՀանդArt թատրոնում բեմադրված «Իմ կարմիր, կանաչ տունը» տրագիկոմեդիան, որի գլխավոր դերերում են ՀՀ վաստակավոր արտիստներ Ջուլիետա Ստեփանյանն ու Սամվել Բաղինյանը, որոնք ամուսիններ են։ Նրանց հրաշալի խաղի շնորհիվ ամուսինների հետ հավասար ցավում ես, հուսահատվում, վերականգնում հավատդ ու երջանկություն ապրում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացման առաջնախաղին լրագրողների հետ զրույցում Ջուլիետա Ստեփանյանը խոստովանեց, որ պրեմիերաներից առաջ միշտ անհանգիստ է, մտածում է, որ տեքստը մոռացել է, ոչինչ չի հիշում, սակայն հենց բեմ է բարձրանում, այդ անհանգստությունն անհետանում է։ 

«Սա պատմություն է գեղեցիկ ընտանիքի մասին, և ներկայացման մեջ նկարագրվող իրավիճակի համար ոչ ոք մեղավոր չէ։ Կարծում եմ՝ Հայաստանի ամեն ընտանիքում կան հարցեր՝ կապված ծնողների ու զավակների, պատերազմի, հայրենիքը լքելու հետ, սակայն ոչ մի դեպքում պետք չէ  հուսահատվել, պետք է դիմակայել, առաջ նայել։ Սա շատ դաստիարակչական ներկայացում է, որը պատրաստել ենք 15 օրվա ընթացքում»,-նշեց դերասանուհին։

Խոսելով բացօթյա հարթակում խաղալու մասին՝ Ստեփանյանն ասաց, որ առաջին անգամ չէ ՀանդArt թատրոնում և շատ հեշտ է ադապտացվել։ «Եթե չեմ ցանկանում խաղալ, հրաժարվում եմ, եթե ուզում եմ, անմիջապես հարմարվում եմ։ Հաճույքով եմ աշխատում հեքիաթի մեջ, անգամ չեմ ցանկանում վերադառնալ Երևան»,-ասաց նա։

Սամվել Բաղինյանի խոսքով՝ ներկայացումն արտացոլում է խնդիրներ, որոնք շատերին են ծանոթ։  «Այստեղ կյանքի բարդություններն են, մի կողմից դարերով երազած պետականությունն է, մյուս կողմից անցյալից մնացած ինչ-ինչ հարցեր, դրվագներ, երբ մենք չենք եղել մեր գլխի տերը։ Այս ամենը խառնվել է իրար։ Ընդգծվում է երկրից արտագաղթելու լրջագույն հարցը, երբ թողնում ենք մեր հողն ու գնչուների պես թափառում աշխարհով մեկ։ Հիշո՞ւմ եք սոցիալիզմից կապիտալիզմին անցնելը, այդ դժվար ժամանակները... Քանի՞ մարդ բարդ իրավիճակում հայտնվեց, քանի՞ մարդ վարկի, պարտքի տակ ընկավ։ Որդիներ, հայրեր, ծնողներ, ժառանգներ հարաբերություններն են այստեղ, պարտքի զգացումը, պարտականությունն ու միևնույն ժամանակ այդ պարտքը կատարել չկարողանալու հարցն է, ներկա է  նաև պատերազմի ստվերը, որը մարդկանց ճակատագրի վրա ծանր հետք է թողել»,-շեշտեց դերասանը։

Ներկայացման մեջ զբաղված են նաև Իշխան Ղարիբյանը, Արուս Գրիգորյանը, Անի Պետրոսյանն ու Տիգրան Գյուլումյանը։ Բեմադրիչն Արթուր Սարիբեկյանն է, իսկ սցենարի հեղինակն ու պրոդյուսերը Տիգրան Գյուլումյանն է։

Գյուլումյանը կարևորեց այն փաստը, որ ՀանդArt բացօթյա թատրոնն ունի մշտական խաղացանկ և արդեն կայացել է։ Նա ընդգծեց՝ ՀանդArt-ը զերծ է պայմանականություններից. այդտեղ ամեն բան իրական է, այն ասես կինոյի և թատրոնի համադրությունը լինի։

«Նման ներկայացումների սկիզբը դրվել է 2020-ին համավարակի տարածման  ընթացքում, քանի որ անհրաժեշտ էր բացօթյա հարթակներում խաղալ։ Այդ ժամանակ ստեղծեցի «Սպիտակ արևներ» ներկայացումը, որը հայ պապիկի, նրա թոռան հարաբերությունների մասին էր։ Որոշեցինք գնալ որևէ գյուղ և որևէ տան բակում  աթոռներ դնել ու խաղալ։ Նման փորձարարության դիմեցինք, և հանդիսատեսը սկսեց սիրել այդ ձևաչափն ու ավելին պահանջել, ինչի արդյունքում ստեղծվեց «Ցանկապատ» ներկայացումը, որը ևս սիրվեց։ Հետո որոշեցինք, որ հարկ չկա այլ հարթակներ փնտրել և այստեղ՝ սարերի մեջ ստեղծեցինք մշտական թատրոն։ Այժմ ունենք ութ ներկայացում՝ «Ցանկապատ», «Նռնենի», «Խաղողի այգին», «Ալպիական մանուշակ» և այլն։ Մեր թատրոնի առանձնահատկություններից մեկն այն է, որ մեր խաղացանկում միայն հայ դասականների և ժամանակակիցների գործեր են բեմադրվում։ Սա թատրոն է հայի մասին»,-պատմեց Տիգրան Գյուլումյանը։

Նա կարծում է՝ թատրոնը, ներկայացումը պետք է նպատակային լինեն և երկխոսություն ստեղծեն հանդիսատեսի հետ։ «Եթե աննպատակ բեմադրություն ես անում, մի քանի մարդ կարող է գալ ներկայացմանը, ինչ-որ բաներ ընդունել, որոշ բաներ չընդունել։ Երբ հանդիսատեսի հետ խոսում ես այն խնդիրների, ցավի, հաջողության, սիրո մասին, որը նրան հարազատ է, նա քեզ հետ երկխոսության մեջ է մտնում։ Կարելի էր Շեքսպիր, Գորկի, Լերմոնտով բեմադրել, բայց այդ փիլիսոփայությունն այս պահին որքա՞ն  է մեզ անհրաժեշտ, իսկ  «Իմ կանաչ, կարմիր տունը» ներկայացման պարագայում այլ  է»,-ասաց նա և հավելեց՝ համոզված է՝ չի լինելու մեկը, ով ներկայացման մեջ չգտնի իրեն։

Տիգրան Գյուլումյանը շեշտեց՝ ՀանդArt-ը գեղարվեստական լեզվով խոսում է մեր մասին, բարձրացնում է այսօրվա խնդիրները, խոսում առանց ծաղրի, առանց  մեղադրանքի, ցեխ շպրտելու։

«Մենք անկախ թատրոն ենք, և նախորդ տարի ունեցել ենք 55 հազար հանդիսատես։ Մեր հովանավորը մեր հանդիսատեսն է»,-ասաց Գյուլումյանը, իսկ «Իմ կարմիր, կանաչ տունը» ներկայացման վերջում մի բան պարզ դարձավ՝ տիեզերքում ոչ մի բան չի կորչում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում