Մշակույթ

Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը

3 րոպեի ընթերցում

Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Մայ Լիդ Թայմ» մշակութային-երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» երիտասարդական մշակութային ծրագիրը՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի շրջանակում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ծրագրի նպատակն է նպաստել հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակմանը՝ ժամանակակից երաժշտական գործիքավորման միջոցով նոր շունչ հաղորդելով վիճակի երգերին և ավետիսներին։

Առանձնակի ուշադրություն է դարձվել ուդ երաժշտական նվագարանին, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում։

Ծրագրի շրջանակում համադրվել են ավանդական երաժշտական ժառանգությունը և ժամանակակից ստեղծագործական մոտեցումները՝ ապահովելով դրա կենսունակ շարունակականությունը և նոր սերնդի համար առավել հասանելի ու ընկալելի ներկայացումը։ Ուդը դարձել է ծրագրի առանցքային երաժշտական գործիքը՝ որպես հայկական ազգային հնչյունների խորհրդանիշ, որի միջոցով վերաիմաստավորվել և ներկայացվել են ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր դրսևորումները՝ վիճակի երգերն ու ավետիսները։

Ծրագրի ընթացքում ստեղծագործական խումբը հանդես է եկել հինգ համերգային ծրագրով՝ Գյումրի, Սևան, Արթիկ և Ախուրյան համայնքներում՝ ներգրավելով տեղական համայնքների բնակիչներին և երիտասարդներին։ Համերգները նպաստել են ազգային երաժշտարվեստի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը և մշակութային ժառանգության արժևորմանը։

«Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը միտված է նաև Գյումրու երաժշտական ժառանգության պահպանմանն ու տարածմանը՝ նորարարական և մասնակցային մշակութային միջավայրերի ձևավորման միջոցով։ Երիտասարդական ներուժի ակտիվ ներգրավմամբ իրականացվող ծրագիրը նպաստում է ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակության ամրապնդմանը և փոխանցմանը ապագա սերունդներին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում