Պաշտոնական

Ձեր բարձր առաքելության գործում Հայաստանը կանգնած է Ձեր և բարեկամ Ֆրանսիայի կողքին. Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Էմանուել Մակրոնին

2 րոպեի ընթերցում

Ձեր բարձր առաքելության գործում Հայաստանը կանգնած է Ձեր և բարեկամ Ֆրանսիայի կողքին. Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Էմանուել Մակրոնին

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցում են ՀՀ կառավարությունից, ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, ընդունեք, խնդրեմ, իմ անկեղծ և ամենաջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ։

Ֆրանսիայի Հանրապետության ղեկավարի պատասխանատու առաքելության մեջ իմ և հայ ժողովրդի անունից մաղթում եմ Ձեզ աննկուն կամք, ուժ և անսասան հավատ՝ ֆրանսիացի ժողովրդին դեպի հաղթական նոր հորիզոններ առաջնորդելու համար։

Վստահեցնում եմ, որ այդ բարձր առաքելության գործում Հայաստանը կանգնած է Ձեր և բարեկամ Ֆրանսիայի կողքին՝ պատրաստ պաշտպանել մեզ միավորող համատեղ արժեքները, համընդհանուր իրավունքները և քաղաքակրթական ժառանգությունը։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև շնորհավորել Սուրբ ծննդյան և Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում։

Թույլ տվեք հույս հայտնել, որ գալիք տարին մեր բարեկամ ժողովուրդներին կպարգևի նոր նվաճումներ՝ ի շահ Հայաստանի ու Ֆրանսիայի համատեղ բոլոր ծրագրերի հաջողության։

Խնդրում եմ ընդունել, պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը։

Եղբայրաբար՝ Նիկոլ Փաշինյան»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում