Պաշտոնական

Հայաստանը բարձր է գնահատում տարածաշրջանում տևական խաղաղությանն ուղղված՝ Ֆրանսիայի հետևողական ջանքերը. ՀՀ նախագահը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

2 րոպեի ընթերցում

Հայաստանը բարձր է գնահատում տարածաշրջանում տևական խաղաղությանն ուղղված՝ Ֆրանսիայի հետևողական ջանքերը. ՀՀ նախագահը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Արժևորում եմ Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և փոխշահավետ համագործակցության խորացման գործում:

Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը և մեր երկրների միջև բարձր մակարդակի երկխոսությունն առկա փոխգործակցությունն առավել ընդլայնելու կարևոր ներուժ ունեն։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-ֆրանսիական ընդգրկուն օրակարգի զարգացմանն ու նոր նախաձեռնությունների իրականացմանը։

Հայաստանը բարձր է գնահատում տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված՝ Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի հետևողական ջանքերը և, մասնավորապես, Ձեր անձնական ներգրավվածությունը:

Առանձնահատուկ գնահատականի է արժանի Ֆրանսիայի ուշադրությունը հայ ռազմագերիների, Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած պատմամշակութային ժառանգության պաշտպանության, ինչպես նաև արցախահայությանն ուղղված կարևոր օգնության տրամադրման հարցերին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում