Ֆրանսիացի զինվորականները Հնդկական օվկիանոսում նավթատար լցանավ են կալանել
2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ռազմածովային ուժերի զինվորականները Հնդկական օվկիանոսում՝ Ռեյունիոն կղզուց 450 ծովային մղոն հեռավորության վրա, բարձրացել են նավթատար լցանավի տախտակամած՝ «ստվերային նավատորմի» նավերի դեմ պայքարի շրջանակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
La France est déterminée à lutter contre la flotte fantôme, partout dans le monde. Ce matin, à plus de 450 nautiques au sud de La Réunion, notre Marine nationale a arraisonné le pétrolier DF Peak, suspecté de naviguer sous un faux pavillon et impliqué dans des activités illicites de transport de carburants. Cette action, conduite conformément au droit international de la mer, témoigne de notre détermination à faire respecter le droit et à lutter contre tous les trafics illicites, où qu’ils se produisent.
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) October 12, 2026
Նրա խոսքով՝ DF Peak լցանավը կասկածվում է կեղծ դրոշի ներքո նավարկելու և վառելիքի ապօրինի փոխադրումների մեջ ներգրավված լինելու համար։
«Ֆրանսիան վճռական է՝ պայքարելու, այսպես կոչված, «ստվերային նավատորմի» դեմ աշխարհի ցանկացած կետում», - գրել է Ֆրանսիայի նախագահը։
«Միջազգային ծովային իրավունքի նորմերին համապատասխան իրականացված այս գործողությունը ցույց է տալիս մեր վճռականությունը՝ պաշտպանելու իրավունքի գերակայությունը և պայքարելու ցանկացած տեսակի ապօրինի գործունեության դեմ՝ անկախ դրա իրականացման վայրից», - ընդգծել է Մակրոնը։
Նրա հրապարակմանը կից տեսանյութում երևում է, թե ինչպես են ֆրանսիացի զինվորականներն ուղղաթիռից իջնում լցանավի տախտակամած։